Ֆրանսիան հունվարի 22-ին անվանակոչել է իր երկրորդ Airbus A400M բեռնատար ինքնաթիռը, որը ստացել էր անցած տարվա նոյեմբերին։ Ֆրանսիական օդուժի երկրորդ A400M-ը ստացել է Ville de Toulouse անունը։
Ընդ որում, ֆրանսիական A400M-ն արդեն հասցրել է մարտական առաջադրանք կատարել՝ թռչելով Ֆրանսիայից Մալի ու տեղափոխելով 22 տոննա բեռ՝ Մալիում ֆրանսիական գործողության համար։
Բացի այդ, ինքնաթիռով Մալի է մեկնել նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ջանբ-Իվ լե Դրիանը, տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։
Եվրոպական Airbus Military ընկերության արտադրած A400M Atlas բեռնատար ինքնաթիռն ունակ է տեղափոխել մինչև 37 տոննա բեռ կամ 116 մարդ, ինչպես նաև կարող է օդում լիցքավորել կործանիչներ և այլ ինքնաթիռներ։ Այն կարող է զարգացնել մինչև 790 կմ/ժ արագություն, թռիչքներ կատարել 9,3 հազար կմ հեռավորության վրա։
A400M ինքնաթիռների ստեղծման գործընթացը սկսվել է 2000-ականների սկզբին: Առաջին թռիչքը կատարել է 2009 թվականին։ Մեկ միավոր ինքնաթիռի մոտավոր արժեքն է 136 մլն եվրո։
Ինքնաթիռի ստեղծման աշխատանքներին և ֆինանսավորմանը մասնակցել են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Մալայզիան, ինչպես նաև Թուրքիան, որոնք էլ նախատեսում են ստանալ ընդհանուր 174 միավոր A400M: Առաջին ինքնաթիռը 2013-ին ստացել է Ֆրանսիան։