Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերվա դիվերսիոն գործողության վայրի զննությամբ հայտնաբերված և վերցված սպառազինության և հանդերձանքի նմուշները պատրաստ ենք ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
Այս մասին «Հայ զինվոր» շաբաթաթերթի հարցին ի պատասխան ասել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։
Տոնոյանը նշել է, հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցման միաժամանակյա փորձերի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով։
Հարուցված քրեական գործով դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված սպառազինության և հանդերձանքի նմուշներն օրենքով սահմանված կարգով փաթեթավորված և կնքված ուղարկվել են մի շարք փորձաքննությունների։ Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է դիրքի անձնակազմը, որոնց ցուցմունքներով ևս հիմնավորվում է հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցումը շփման գծի վերը նշված ուղղություններով։