Հինգերորդ սերնդի չհաջողված կործանիչ. Հնդկաստանը քննադատում է Ռուսաստանին

Հնդկաստանը քննադատությամբ և թերահավատությամբ է հանդես եկել երկրի ռազմաօդային ուժերի համար նախատեսված՝ Ռուսաստանի հետ համատեղ իրականացվող, հինգերորդ սերնդի կործանիչների նախագծի հասցեին, որը մշակվում է ռուսական Տ-50 ՊԱԿ-ՖԱ կործանիչի հիման վրա:

Թեմային անդրադարձ է կատարել հնդկական Business Standard պարբերականը, որը Ռուսաստանի հետ համատեղ իրականացվող նախագծին տվել է «մշուշոտ» բնութագրումը:

Տ-50 ՊԱԿ-ՖԱ 5-րդ սերնդի կործանիչ

Տ-50 ՊԱԿ-ՖԱ 5-րդ սերնդի կործանիչ

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) ղեկավարութուն ավելի հաճախ է սկսում անել հայտարարություններ, որոնք պարունակում են քննադատություն՝ վեց միլիարդ ամերիկյան դոլար գնահատվող ռուս-հնդկական համատեղ նախագծի հասցեին: Մոսկվայի և Նյու Դելիի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նախագծվող կործանիչը ունենալու է հատուկ բնութագրեր՝ հարմարեցված Հնդկաստանի պահանջներին: Սակայն Հնդկաստանի ՌՕՈւ հրամանատարությունը թերահավատությամբ է մոտենում՝ արդյո՞ք ռուսաստանյան կողմը կկարողանա ապահովել կործանիչի այն բնութագրերը, որոնք նախատեսվել են ի սկզբանե:

Հնդկական կողմի դժգոհությունները բխում են երեք հիմնական կետերից.

1.Ռուսաստանը հնդկական կողմին չի տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն նախագծի վերաբերյալ:

2. Կործանիչի ներկայիս ԱԼ-41Ֆ1 շարժիչները հուսալի չեն և ըստ էության, պարզապես ԱԼ-31Ֆ շարժիչների կատարելագործված տարբերակներն են:

3.Նախագծվող կործանիչն ունենալու է բավական բարձր շուկայական արժեք:
Կործանիչի բնութագրերի մասին բացասական է արտահայտվել նաև Հնդկաստանի ՌՕՈւ շտաբի պետի տեղակալը, ով պատասխանատու է հնդկական օդուժի գնումների համար: Նա մատնանշել է կործանիչի շարժիչների ու ռադիոտեղորոշիչ կայանի անկայունությունը, նախագծի բացթողումները՝ կապված կործանիչի անտեսանելիության հետ ու նաև այն, որ Հնդկաստանը շատ քիչ է ներգրավված նախագծման աշխատանքներում:

Մատնանշված վերջին գործոնը Հնդկաստանի համար կարևոր է նրանով, որ նախագծման աշխատանքներին մեծ ներգրավվածությունը նախադրյալներ կստեղծի երկրի գիտական մտքի զարգացման և գիտահետազոտական կենտրոնների ակտիվ գործունեության ծավալման համար:

Չնայած հնչող քննադատություններին՝ Հնդկաստանի զինվորական վերնախավում բոլորը չէ, որ կիսում են հոռետեսությունը ռուս-հնդկական համատեղ նախագծի հարցում: Պաշտպանության նախարարությունում կան պաշտոնյաներ, ովքեր ունեն կասկածներ, որ ՌՕՈւ հրամանատարությունը փորձում է տապալել ռուս-հնդկական համատեղ նախագիծը, որպեսզի հատկացված ֆինանսական միջոցներն ուղղվեն 126 միավոր ֆրանսիական Ռաֆալ (ֆրանս.՝ Rafale) կործանիչների ձեռք բերմանը, ինչի արժեքը կկազմի 18 միլիարդ ամերիկյան դոլար: Բնական է, որ ռուս-հնդկական նախագիծն ու ֆրանսիական կործանիչների գնումը չի կարող համատեղվել՝ նյութական միջոցների սահմանափակ լինելու պատճառով:

Ռուս-հնդկական համատեղ նախագծի քննադատներին ի պատասխան որոշ մեկնաբանություններ է տվել նաև ռուսական կողմը՝ ի դեմս պաշտպանության նախարարությանը: Կործանիչի շարժիչների հետ կապված բողոքներին ի պատասխան նշվում է, որ դրանք ընտրված են ժամանակավոր, և այդ քայլն արվել է փորձարկման նախնական թռիչքները չհետաձգելու նպատակով: Իսկ հիմնական շարժիչի ստեղծման ուղղությամբ այժմ տարվում են աշխատանքներ ռուսաստանյան ձեռնարկություններից մեկում:

Ռուսական կողմը պարզաբանումներ է տվել նաև կապված կործանիչի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) հետ: Ըստ այդմ, ՌԴ պաշտպանական գերատեսչությունում վստահեցնում են, որ նոր կործանիչի ՌՏԿ-ն լինելու է ավելի արդյունավետ, քան նախագծի փորձնական տարբերակինն է: Բայց հավելել են, որ ՌՏԿ-ի հարցում հնդկական կողմի հետ, այդուամենայնիվ, կան տարաձայնություններ: Ներկայիս տարբերակով կործանիչն օժտվելու է միայն մեկ ՌՏԿ-ով, ինչն օդաչուին հնարավորություն է տալու ստանալ միայն առջևի պատկերը: Հնդկական կողմը պնդում է աջից և ձախից լրացուցիչ երկու կայանների տեղադրման վրա, ինչն օդաչուին հնարավորություն կտա ստանալ ամբողջական շրջանաձև պատկեր: Վերջնական համաձայնեցված տարբերակի շուրջ դեռևս տարվում են բանակցություններ:

Ինչ վերաբերում է նախագծի ավարտի ժամկետներին, ապա նոր կործանիչը նախատեսվում է շահագործման հանձնել միայն 2022-ին: Չնայած նախագծի ավարտին դեռ կա ութ տարի, սակայն ստեղծվող կործանիչների իրացումն արդեն հասցրել է կրել կոմերցիոն վնասներ: Մասնավորապես, Հնդկաստանի ՌՕՈւ հրամանատար, ավիացիայի մարշալ Բրաունը 2012-ին հայտարարեց, որ իրենք պատրաստվում են գնել ռուս-հնդկական համատեղ նախագծի 144 կործանիչ, ոչ թե 214, ինչպես նախատեսված էր սկզբում:

Նշենք, որ ԱՄՆ-ն արդեն բարեհաջող ստեղծել և վաճառում է հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ, սակայն Հնդկաստանի պաշտպանության նախարար Էնթընին հայտարարել է, որ իրենք առայժմ չեն տեսնում հինգերորդ սերնդի ամերիկյան կործանիչի գնման հավանականություն, փոխարենը՝ նախապատվությունը տալիս են Ռուսաստանի հետ համատեղ նախագծով հանդես գալուն:

One response to “Հինգերորդ սերնդի չհաջողված կործանիչ. Հնդկաստանը քննադատում է Ռուսաստանին

  1. Pingback: Վայրէջքի ժամանակ հրդեհ է բռնկվել հինգերորդ սերնդի Տ-50 կործանիչի վրա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *