Զրահատեխնիկայի միայն 24 տոկոսն է ժամանակակից. ՌԴ ՊՆ

2013-ի ընթացքում Ռուսաստանի զինված ուժերին մատակարարվել է շուրջ 2200 միավոր զրահատեխնիկա ու ավտոմեքենա, ինչպես նաև վերանորոգվել է շուրջ 1700 միավոր տեխնիկա։ Չնայած դրան՝ ՌԴ զինուժի տանկերի ու այլ զրահատեխնիկայի միայն 24 տոկոսն է ժամանակակից։

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը։ Պաշտոնյայի խոսքով՝ 2013-ին զորքերը ստացել են նաև մոտ 300 միավոր հրթիռահրետանային տեխնիկա, շուրջ 4000 հրթիռ ու ռեակտիվ արկ և այլն։

Ընդհանուր առմամբ ՌԴ պաշտպանության նախարարությունը 2013-ի ընթացքում շուրջ 39 մլրդ ԱՄՆ դոլար է ծախսել սպառազինության վրա, որից 61,6 տոկոսը ծախսվել է սպառազինության, ռազմական ու հատուկ տեխնիկայի գնման համար, 19,9 տոկոսը՝ տեխնիկայի նորոգման ու սպասարկման, իսկ 18,5 տոկոսը՝ գիտահետազոտական ու նախագծման աշխատանքների համար։

Փոխնախարարը նաև հայտնել է, որ 2014-ի ընթացքում ռուսասոտանյան զինված ուժերին են փոխանցելու մոտ 1700 միավոր զրահատեխնիկա ու մոտ 9000 ավտոմեքենա։ Միաժամանակ շուրջ 4500 միավոր զրահատեխնիկա (այդ թվում տանկեր) ու ավտոմեքենաներ կվերանորոգվեն, իսկ դրանցից 800-ը կանցնեն խորը վերանորոգում ու արդիականացում։ Դրանից բացի, ռուսական զինուժի սպառազինությունից կհանվի շուրջ 14 000 միավոր հնացած զրահատեխնիկա։

Փորձարկումների համար 2014-ի ընթացքում ռուսական զինված ուժերին կփոխանցեն նաև միևնույն թրթուռավոր ծանր պլատֆորմի (Արմատա) հիման վրա ստեղծված տանկ ու հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև մեկ այլ հետևակի մարտական մեքենա, որը կստեղծվի թրթուռավոր միջին պլատֆորմի հիմքի վրա։

Ըստ Բուլգակովի՝ 2015-ի ավարտին զորքերում ժամանակակից զրահատեխնիկայի ցուցանիշը կհասնի 40 տոկոսի։ Մինչև 2015-ի ավարտը կավելանան նաև ժամանակակից հրետանային միջոցների ու ավտոմեքենաների քանակը՝ կազմելով համապատասխանաբար 43 տոկոս ու 60 տոկոս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *