Բելառուսի զինվորականները գնդաձև անօդաչու թռչող սարք են ստեղծել

Մինսկի պետական ավիացիոն ուսումնարանի ռազմական ֆակուլտետի կուրսանտները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որի պլաները գնդի ձևով է կառուցված։ ԱԹՍ-ի նախագիծը մշակել և պատենտավորել է ավիակոնստրուկտոր Միխայիլ Ստեպանցևը։

Բելառուսների գնդաձև անօդաչու թռչող սարքը

Բելառուսների գնդաձև անօդաչու թռչող սարքը

Ինչպես հաղորդում է «Բելառուսկայա վաեննայա գազետան», առաջիկայում սարքի վրա տեղադրելու են շարժիչ, որից հետո փորձարկումներ են անցկացնելու։

ԱԹՍ-ի կորպուսը կառուցվել է պենոպլեքսից, որի շնորհիվ սարքը համեմատաբար թեթև է՝ 4.5 կգ։

Սարքի կառավարումն իրականացվում է ռադիոալիքի օգնությամբ: Թռիչքի բարձրության և ուղղության կառավարումն արվում է էլերոնների՝ կառավարման աերոդինամիկ բաղադրիչների միջոցով, որոնք նախատեսված են  սարքերի՝ թռիչքի ընթացքում թեքման անկյունը հավասարակշռելու համար։

ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական այլ տվյալները չեն հաղորդվում։ Չի հիշատակվում նաև, թե նոր ԱԹՍ-ն ինչ գործողությունների համար է նախատեսված լինելու։

Նկատենք, որ գնդաձև անօդաչու թռչող սարքի գաղափարը նոր չէ։ Ըստ Defense News ռազմական լրատվակայքի տվյալների՝ դեռևս 2011-ի օգոստոսին Ճապոնիան ներկայացրել է գնդաձև տեսք ունեցող սեփական արտադրության ԱԹՍ-ն՝ 42.7 սմ տրամագծով, 348.7 գրամ զանգվածով, մինչև 60 կմ/ժ արագությամբ։

ԱԹՍ-ն ուշագրավ կառուցվածք ունի. կենտրոնական հատվածում պլաստիկ տարրա է, որտեղ էլ տեղադրված են էլեկտրական շարժիչն ու սնուցման համակարգը։ Նախագծողների խոսքերով՝ այն դեռևս պատրաստ չէ շահագործմանը, կառուցվածքի հետևանքով ունի վերամշակման կարիք, նախատեսված է, որպեսզի այն առաջիկայում կարողանա  ինքնակառավարվող թռիչք կատարել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *