ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստին նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որը միտված է նախազորակոչային տարիքի պատանիների բժշկական հսկողության, օգնության ու սպասարկման գործընթացի բարելավմանը:
<Առաջին օղակում լիարժեք բժշկական հետազոտության անցկացումը հնարավորություն կտա հայտնաբերված հիվանդությունը բուժել մինչև զորակոչային տարիքը, ինչի շնորհիվ բանակը կհամալրվի առողջ կադրերով, տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։
Կառավարությանն ուղղված հիմնավորման մեջ առողջապահության նախարարությունը նշել էր.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշմամբ նախազորակոչային տարիքի համար սահմանված պարտադիր կարգով կատարվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ցանկում ներառված չէն «էլեկտրասրտագրում» և «որովայնի օրգանների սոնոգրաֆիա» հետազոտությունները, ինչը հանգեցնում է որոշ հիվանդությունների միայն զորակոչային տարիքում հայտնաբերմանը: Քանի որ նման մոտեցումը հնարավորություն չի ընձեռնում նախազորակոչային տարիքում նման հիվանդությունների վաղ հայտնաբերման, հիվանդության առկայության դեպքում հետագա` պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր կամ հիվանդանոցային բուժման և ապաքինման համար, նպատակահարմար է կատարել առաջարկվող լրացումը»: