Այսօր մեր զինված ուժերը խաղաղ պայմաններում չէ. Սեյրան Օհանյան

Հունվարի 16-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի  ուսանողների հետ հանդիպմանը նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց ռազմաբժշկական ծառայության դերը, քանի որ նրանք բանակի կողքին են Արցախյան պատերազմի տարիներից։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը

«Սա մի ծառայություն է, որ կրկնակի երդում է տալիս։ Առաջին հերթին որպես բժիշկ, իսկ հետո արդեն զինվորական։ Սա նաև այն ծառայությունն է, որ կրկնակի պատասխանատվություն է կրում իր ուսերին»,- շեշտեց նախարարը։

Նախարարն ամփոփեց 2013 թվականը, խոսեց ձեռքբերումների և ներկայիս իրավիճակի մասին։

«Այսօր մեր զինված ուժերը խաղաղ պայմաններում չէ. մարտական հերթապահության իրականացումը, որն արվում է պատերազմական իրավիճակում, հրադադարի ռեժիմի խախտման, դիպուկահարների կրակոցների ազդեցության տակ խաղաղ պայմաններ չեն։ Մարտական հերթապահությամբ մեր զինված ուժերն ապահովում է մեր ժողովրդի խաղաղ կյանքն ու արարումը։ Ռազմաբժշկական ծառայությունն այս գործում շատ մեծ դեր ունի, քանի որ  այն պատասխանատու է զինծառայողի առողջության ամրապնդման համար»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանը բժշկական համալսարանում

Սեյրան Օհանյանը բժշկական համալսարանում

Հանդիպման ընթացքում ուսանողներին հնարավորություն տրվեց իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ հենց նախարարից։

Երիտասարդներից մեկը, ով մեկ ամիս առաջ էր վերադարձել պարտադիր ժամկետային զինծառայությունից, նախարարին խնդրեց միջնորդել, որ ընթացիկ քննությունների ժամանակ բանակից վերադարձած տղաներին մի փոքր առավելություն տան։

Նախարարը նույնպես այդ խնդրանքով դիմեց բուհի ռեկտորին, իսկ պատասխանը միանշանակ դրական էր։

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանի հրամանով պարգևատրվեցին բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *