Կալինինգրադում Իսկանդեր-Մ հրթիռներ չկան. ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն Իսրայելում հայտարարել է, որ Ռուսաստանը Կանլինինգրադում դեռ չունի Իսկանդեր-Մ համալիրներ։ Ըստ պաշտոնյայի՝ այս մասին «հասկացրել են» ռուսական իշխանությունները մի քանի օրվա անորոշությունից հետո։

«Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը

«Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը

Ռուսական կողմը դեռ կարող է Կալինինգրադում տեղակայել Իսկանդեր-Մ համալիրներ՝ հակազդելով ՆԱՏՕ-ին։ «Ջեյնս» ռազմական հանդեսի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Վերշբոուն՝ ավելացնելով, որ թեև ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում տեղակայված հակահրթիռային պաշտպանության համակարգերն ուղղված են ահաբեկիչների դեմ, Ռուսաստանի իշխանությունները դրանք ընկալում են որպես վտանգ Ռուսաստանի նկատմամբ ու հրաժարվում են համագործակցել ՆԱՏՕ-ի հետ։

Հիշեցնենք, որ օրերս տարածված լուրերի համաձայն՝ Ռուսաստանը Իսկանդեր-Մ հրթիռներ է տեղակայել Կալինինգրադի մարզում։ Ռուսական կողմը լուրը պաշտոնապես ո´չ հերքեց, ո´չ էլ հաստատեց, իսկ մասնավորապես Լիտվայի իշխանությունները մտահոգություն հայտնեցին այս կապակցությամբ, քանի որ Իսկանդեր-Մ հրթիռները կարող են կրել նաև միջուկային մարտագլխիկներ։

Իսկանդեր օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը (ՕՄՀՀ) թողարկվում է երկու մոդիֆիկացիայով՝ Իսկանդեր-Մ և Իսկանդեր-Է։ Վերջինս նախատեսված է արտահանման համար։ Իսկանդեր-Մ հրթիռները «մակերևույթ-մակերևույթ» դասի բալիստիկ հրթիռներ են ու նախատեսված են մակերևույթին տեղակայված հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության, հրթիռային ու հրետանային հեռահար համակարգերի ոչնչացման համար։ Հրթիռները կարող են կրել նաև միջուկային մարտագլխիկներ։ Համալիրը բացազատվում է 30 րոպեում։ Թիրախի խոցման նվազագույն հեռավորությունը 50 կմ է, իսկ առավելագույնը՝ 500 կմ (Իսկանդեր Է-ի համար այս ցուցանիշը կազմում է 280 կմ)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *