Ռուսաստանյան զինուժը կստանա ևս մեկ Պոլյանա-Դ4Մ1 ղեկավարման ավտոմատացված համակարգ

Ռուսաստանի զինված ուժերի կենտրոնական ռազմական օկրուգը ստացել է ՀՕՊ համակարգերի մարտական գործողությունների ղեկավարման Պոլյանա-Դ4Մ1 տեղաշարժվող ավտոմատացված համակարգ։ Այս համակարգն ունի ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավիգացիոն սարքավորում։

Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։ Համակարգը նախատեսված է հակաօդային պաշտպանության խառը ստորաբաժանումների ավտոմատացված ղեկավարման համար, որոնց մեջ կարող են լինել Ս-300Վ, Տոռ, Բուկ, Տունգուսկա ու Պանցիր-Ս1 զենիթահրթիռային համակարգեր։

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին նմանատիպ ևս մեկ ղեկավարման կայան ստացավ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգը։

Ավտոմատացված համակարգը ԳԼՈՆԱՍՍ-ի միջոցով կարողանում է ստանալ հստակ տեղադրությունն ու ժամանակը, որի շնորհիվ էլ իրականացվում է ՀՕՊ կրակային միջոցների ճշգրիտ ղեկավարումն ու նշանառումը։ Արբանյակային սարքավորումների միջոցով այն կարող է հայտնաբերել ու ցուցադրել հարյուրավոր օդային թիրախներ, հետևել տասնյակ թիրախների և հրամաններ տալ կրակային միջոցներին 1-3 վայրկյանի ընթացքում։

Ամբողջ համակարգը կազմված է 4 մեքենաներից՝ մարտական ղեկավարման կետ, հրամանատարաշտաբային մեքենա, ավտոմատացված աշխատանքային տեղեր ու տեղափոխվող էլեկտրակայան։ Պոլյանա-Դ4Մ1 համակարգը կարող է անդադար աշխատել մինչև 48 ժամ։

Նշենք, որ ԳԼՈՆԱՍՍ (Глобальная навигационная спутниковая система – Համաշխարհային նավիգացիոն արբանյակային համակարգ) համակարգը ամերիկյան GPS (Global Positioning System – Տեղորոշման համաշխարհային համակարգ) համակարգի խորհրդային/ռուսաստանյան տարբերակն է։

Երկրի շուրջը պտտվող թվով 24 սեփական արբանյակների շնորհիվ այն կարողանում է տեղորոշել երկրի վրա կամ օդում ցանկացած օբյեկտի ճշգրիտ կոորդինատները, ինչը թույլ է տալիս կրակային միջոցներին անվրեպ կրակել օբյեկտների ուղղությամբ։ Համակարգը կարող է օգտագործվել ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական նշանակությամբ (քաղաքային տրանսպորտ և այլն)։

Հավելենք նաև, որ 2013-ի սեպտեմբերին Աբխազիայում զորավարժություն է իրականացվել ԳԼՈՆԱՍՍ համակարգի մասնակցությամբ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *