Այս տարի Տավուշի թեմի Մակարավանքի Ս. Աստվածածին եկեղեցում Ջրօրհնյաց խաչի քավոր է եղել զորամիավորման հրամանատար Օնիկ Գասպարյանը, ով հունվարի 9-ին խաչապտույտ կատարեց ՀՀ հյուսիսարևելյան սահմանը պաշտպանող զորամասեր:
Սահմանամերձ զորամասերում կատարվեցին խաչի օրհնության արարողություններ, որին մասնակցում էին Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Միրզոյանը, զորամասերի հոգևոր սպասավորներ Տ. Համբարձում աբեղա Արաբյանը, բարեշնորհ Արսեն սարկավագ Հմայակյանը և զորամասերի հրամանատարական ողջ անձնակազմը:
Մի շարք հենակետեր շրջայց կատարելուց հետո սահմանամերձ Մովսես գյուղի Ս. Աստվածածին եկեղեցում կատարվեց հրամանատարական կազմի օրհնության արարողություն:
Զորամիավորման հրամանատարի տեղակալ Արա Սարգսյանը մատնանշեց այն հանգամանքը, որ զորամիավորման հրամանատարի խաչքավոր լինելու իրողությունը խիստ պարտավորեցնող է զորամասերի սպայակազմի և զինվորների հոգևորի մեջ ամրապնդվելու համար: Տ. Արամ քահանա Միրզոյանը շնորհավորելով պարոն Օնիկ Գասպարյանին այդ գեղեցիկ առիթով` մատնանշեց, որ սահմանապահ զինվորը ոչ թե հեռու է քաղաքացիական կյանքով ապրող մարդկանցից, այլ նա ուղղակի հակառակորդին է հեռու պահում նրանցից և արժևորեց բարոյական զինվորի կերպարի կարևորությունը:
Արարողության վերջում հայր Համբարձումը կարևորեց այն գաղափարը, որ հայ զինվորականը և հայ հոգևորականը միշտ քայլել են միևնույն ուղղությամբ` հոգեպես և ֆիզիկապես հայրենիքը պաշտպանելու ճանապարհով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը: