Նիգերիայի օդուժը սխալմամբ հարվածել է սենատորի ավտոշարասյանը

Նիգերիայի ռազմաօդային ուժերը չորս ավիահարված է հասցրել սենատորի ավտոշարասյանը: Նիգերիայի զինված ուժերի ներկայացուցչի խոսքերով՝ կործանիչների օդաչուները կարծել են՝ հարվածում են զինյալներին: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:

«Բոքո Հարամ» արմատական խմբավորման զինյալները. աղբյուր՝ ynaija.com

«Բոքո Հարամ» արմատական խմբավորման զինյալները. աղբյուր՝ ynaija.com

Ինչպես հունվարի 11-ին հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, Նիգերայի սենատորներից մեկը՝ Մուհամեդ Ալի Նդումեն, ուղևորվել էր Արդոքո  գյուղ, որտեղ իսլամիստները սպանել էին 8 հոգու: Քաղաքական գործիչը ցանկանում էր անձամբ ցավակցություն հայտնել տեղաբնակներին: Նդումեի խոսքերով՝ ճանապարհին ինքնաթիռներից չորս ռումբ է նետվել իրենց ավտոշարասյան վրա: Սկզբում նա կարծել է՝ հարձակվողները «Բոքո Հարամ» իսլամիստական խմբավորումից են, սակայն մոտակա հսկիչ անցակետում նրան հայտնել են՝ օդային հարվածները հասցրել են երկրի ՌՕՈւ ինքնաթիռները:

Նիգերիայի ԶՈւ ներկայացուցիչը տեղեկացրել է՝ հավանաբար թյուրիմացություն է եղել, քանի որ Արդոքոյում նույն օրն օդուժի մասնակցությամբ ռազմական գործողություն էին իրականացնում: Կործանիչները պետք է որ ռումբերը նետեին «Բոքո Հարամի» զինյալների պատսպարանների վրա:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նշենք, որ դեռևս 2012-ին Մուհամեդ Ալի Նդումեն ձերբակալվել էր «Բոքո Հարամ» ահաբեկչական խմբավորմանը նյութական օգնություն ցույց տալու մեղադրանքով, բայց որոշ ժամանակ անց ազատ էր արձակվել՝ ապացույցների բացակայության պատճառով:

Նիգերիայում 2011-ից սկսած լուրեր են պտտվում, որ մի շարք քաղաքական գործիչներ ու բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև հատուկ ծառայությունների աշխատակիցներ համագործակցում են «Բոքո Հարամի» հետ:

«Բոքո Հարամ» արմատական խմբավորման զինյալները փորձում են գրավել երկրի հյուսիսային շրջանները 2002-ից։ Նրանք ցանկանում են այդ տարածքում ստեղծել իսլամական պետություն, որը ղեկավարվելու է շարիաթով:

2011-ի մայիսին Նիգերիայում անցկացված նախագահական ընտրություններին հաղթել է քրիստոնյա Ջոնաթոն Գուդլաքը: Քրիստոնյա նախագահին բնորոշելով որպես «արևմտյան վերնախավի սկզբունքներով կառավարող»՝ խմբավորումն ակտիվացրել է գործողությունները: Սկսվել ու մինչ օրս շարունակվում են արյունալի բախումներ կառավարական ուժերի և խմբավորման զինյալների միջև:

«Բոքո Հարամի» ահաբեկչությունների և այլ բնույթի գործողությունների պատճառով 2009-ից մինչ օրս Նիգերիայում զոհվել է ավելի քան հազար մարդ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *