Ֆիլիպիների զինված ուժերը կստանա 14 միավոր M113 զրահափոխադրիչներ, որոնց վրա կդրվեն 76 մմ թնդանոթով աշտարակներ։ Զրահափոխադրիչների վրա կտեղադրվեն հնացած ու Ֆիլիպինների սպառազինությունից հանված FV101 Scorpion (Սքորփիոն) թեթև հետախուզական տանկերի աշտարակները՝ 76 մմ թնդանոթով։
Աշտարակներից բացի, արդիականացման արդյունքում մեքենաների վրա կտեղադրվեն նաև դիտման ժամանակակից սարքավորումներ ու կրակի կառավարման համակարգեր։
Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը։ Պաշտոնյան, սակայն, չի նշել, թե արդիականացվող զրահափոխադրիչները կվերցնեն զինված ուժերի կազմից, թե կգնեն այլ երկրից։
Ենթադրվում է, որ M113 զրահափոխադրիչների արդիականացման աշխատանքները կկատարի բրիտանական ռազմարդյունաբերական BAE Systems ընկերությունը։
Արդիականացման աշխատանքները մտնում են Ֆիլիպինների զինված ուժերի հզորացման ծրագրի մեջ, որով նախատեսված է նաև 12 միավոր 155 մմ քարշակվող հաուբիցներ գնում։
1960-ին նախագծված ամերիկյան M113 զրահափոխադրիչները նախատեսված են դեսանտայինների տեղափոխման ու նրանց կրակային աջակցման համար։ Մեքենայի անձնակազմը 2 հոգի է, կարողանում է տեղափոխել 11 դեսանտային։ Թրթուռավոր զրահափոխադրիչի վրա տեղադրված է 12,7 մմ գնդացիր։ 215 ձիաուժանոց շարժիչով մեքենան կարողանում է զարգացնել մինչև 64 կմ/ժ արագություն։
Չնայած ավելի քան 50-ամյա պատմությանը՝ մեքենան շարունակում է մնալ աշխարհի ավելի քան 50 երկրների զինված ուժերի սպառազինության մեջ։