ԱՄՆ օդուժի միջուկային զորքերի 2 սպայի կասկածում են թմրանյութերի շրջանառության համար

Մոնտանայում ԱՄՆ «Մալմսթրոմ» միջուկային հրթիռային ռազմակայանի անձնակազմի սպաներից երկուսը մեղադրվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։ Ընդ որում, մեղադրյալները հրթիռների արձակման անմիջական պատասխանատուներն են։

ԱՄՆ «Մալմսթրոմ» միջուկային հրթիռային ռազմակայան

ԱՄՆ «Մալմսթրոմ» միջուկային հրթիռային ռազմակայան

Սպաների անուններն ու միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։ ԱՄՆ ՌՕՈւ մամուլի քարտուղար Ջենիֆեր Քեսեդին վկայել է, որ հետաքննություն է ընթանում, այդ ընթացքում կասկածյալների մուտքը գաղտնի օբյեկտներ արգելված է։

Նշենք, որ հունվարի 9-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Չարլզ Հեգելը հայտարարել է՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերում զինծառայողների շրջանում բարոյական ոգին ցածր է, խնդիրներ են առկա հատկապես հրթիռների հորաններում և ռազմավարական նշանակության միջուկային ուժերի ստորաբաժանումներում ծառայություն անցնողների շարքերում։

«Այս զինծառայողները կարծում են՝ իրենց չեն գնահատում, նրանք ծառայություն են անցնում մեկուսացված շրջաններում, որտեղ գաղտնիության պահպանումը սկզբունքային է, ուստի համոզված եմ՝ անընդհատ ճանապարհ են փնտրում սթրեսից դուրս գալու համար»,-ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը Նյու Մեքսիկոյի ռազմակայան այցելության ժամանակ։

Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի դեկտեմբերին պաշտոնից հեռացվել էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր, ռազմավարական նշանակության միջուկային զորքերի հրամանատար Մայքլ Քերին։ Ռուսաստանում 2013-ի հուլիսին գործուղման ժամանակ նա ոչ հարիր էր պահել իրեն, չարաշահել էր ոգելից խմիչքները, կոպտել ռուս պաշտոնակիցներին, հյուրանոցում մարմնավաճառների հետ ժամանակ անցկացրել, մինչդեռ հանդիսանում էր ԱՄՆ պատվիրակության ղեկավարը։

One response to “ԱՄՆ օդուժի միջուկային զորքերի 2 սպայի կասկածում են թմրանյութերի շրջանառության համար

  1. Pingback: ՌԴ-ում բոլոր զինծառայողները թմրանյութերի օգտագործման ստուգում կանցնեն | ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԽԱՌԸ ԼՈՒՐԵՐ ՍՅՈՒՆԻՔԻՑ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *