Իրանում պատերազմի մասին ֆիլմի նկարահանմանը պայթյուն է գրանցվել. կան զոհեր

Իրանում 5 հոգի զոհվել է և մի քանիսն էլ ծանր վնասվածքներ են ստացել Իրան-իրաքյան 1980-1988 թթ. պատերազմի մասին ֆիլմի նկարահանման հրապարակում գրանցված ուժգին պայթյունի հետևանքով։

Զոհվածների շարքում են դերասաններ, տեխնիկական անձնակազմի անդամներ և հատուկ էֆեկտների պատասխանատուն։

Լուսանկար՝ 1980-1988 թթ. Իրան-Իրաքյան պատերազմից

Լուսանկար՝ 1980-1988 թթ. Իրան-Իրաքյան պատերազմից

Ինչպես հաղորդում է BBC լրատվական գործակալությունը, հղում կատարելով իրանական կայքերին, միջադեպը գրանցվել է Թեհրանից դեպի հարավ 35 կմ հեռավորության վրա տեղակայված «Սրբազան պաշտպանություն» կինոավանի տարածքում։ Այստեղ են հաճախ նկարում պատերազմին վերաբերող ֆիլմեր։

Դերասաններից մեկի խոսքերով՝ հատուկ էֆեկտների պատասխանատուի ավտոմեքենայի կողքին դրված պայթուցիկ սարքն անհասկանալի պատճառով ակտիվացել է։

Նկարահանող խմբի անդամներից մեկն էլ վկայել է՝ ֆիլմում կիրառել են իրական զենք-զինամթերք։ Դա նախ նպաստել է իրականությանը մոտ տեսարաններ ստանալուն, բացի այդ էլ հնարավորություն չկա բեմական պիրոտեխնիկա օգտագործել, քանի որ Իրանի միջուկային ծրագրի հետևանքով գործող էմբարգոյի շրջանակներում է նաև պիրոտեխնիկայի Իրան ներմուծման արգելքը։

Հավելենք, որ զոհվածներն աշխատում էին «Միրաջիհա» ֆիլմի վրա, որի ռեժիսորը Մասուդ Դեհնամաքին էր։ Առաջին ցուցադրումը նախատեսված էր 2014-ի փետրվարին «Ֆաջր» միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Կինոփառատոնն Իրանում անցկացնում են իսլամական հեղափոխության տարելիցի առիթով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *