Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ում Հալեպի ռմբակոծումը դատապարտող բանաձևի ընդունումը

Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի Հալեպ քաղաքի՝ կառավարական ուժերի կողմից ռմբակոծման փաստը քննադատող բանաձևի ընդունումը։

ՄԱԿ ԱԽ

Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի ներկայացուցիչներին։

Ըստ աղբյուրի՝ ՌԴ պատվիրակությունը պահանջել է բանաձևի տեքստում շտկումներ մտցնել, որոնք ՄԱԿ-ի մի շարք այլ ներկայացուցիչների բնորոշմամբ «ըստ էության հանգեցնում են Հալեպում կատարվածի ցանկացած հիշատակման բացառում»։ Քննարկումների արդյունքում այդպես էլ համաձայնության չի եղել, ուստի բանաձևը չընդունվեց։ ՌԴ պատվիրակությունը դեռևս հրաժարվում է մեկնաբանություններից։

Նշենք, որ Ռուսաստանն արդեն երկրորդ անգամ է արգելափակում Հալեպի ռմբակոծությանը վերաբերող բանաձևի ընդունումը ՄԱԿ-ում։ Դեռևս 2013-ի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ ԱԽ-ում ցանկանում էին ընդունել մի բանաձև, որը դատապարտելու էր Հալեպում Բաշար Ասադին աջակցող ուժերի կողմից խաղաղ բնակչության վրա հարձակումները և ուղղաթիռից ռումբերի նետումը։ Բանաձևի ընդունումը տապալեց Ռուսաստանը։

Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի 15-ից ի վեր կառավարական ուժերն օդային հարվածներ են հասցնում Հալեպին։ Դրանց հետևանքով, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների, մահացել է 700 հոգի, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 3 հազարը։ Սիրիայի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են՝ Հալեպում նման գործողություններն ուղղված են բացառապես զինյալների դեմ, որոնք էլ ներկայումս վերահսկում են այս խոշոր քաղաքի մեծ մասը։

Սիրիայի հակամարտությունը սկսվել է 2011-ից և չի լուծվում մինչ օրս։ Կառավարական զորքերի ու զինյալների խմբավորումների բախումների հետևանքով մահացել է 120-140 հազար, փախստական է դարձել շուրջ 2 մլն մարդ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *