Ուկրաինան հետաձգել է Խորվաթիային արդիականացված ՄիԳ-21-երի տրամադրումը

Խորվաթիայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-21 կործանիչների վերանորոգման ծրագիրը, որն իրականացնում է «Ուկրսպեցէքսպորտ» պետական միավորումը, հետ է ընկել ժամանակացույցից տեխնիկական խնդիրների պատճառով։

Խորվաթիայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-21. լուսանկարը՝ Քրիս Լոֆթինգի

Խորվաթիայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-21. լուսանկարը՝ Քրիս Լոֆթինգի

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը», դեռևս 2013-ի հուլիսի 8-ին Խորվաթիայի պաշտպանության նախարարությունը և «Ուկրսպեցէքսպորտը» պայմանագիր են կնքել Խորվաթիայի ՌՕՈւ համար 12 միավոր ՄիԳ-21 ինքնաթիռների վերանորոգման և արդիականացման շրջանակներում։ Ընդ որում, «Ուկրսպեցէքսպորտ»-ը պարտավորվում է Խորվաթիայի 7 միավոր ՄիԳ-21-երն արդիականացնել, իսկ ևս 5 միավոր ՄիԳ-21 Խորվաթիան գնելու է «Օդեսավիարեմսերվիս» ընկերությունից։ Պայմանագրի արժեքն է 13.7 մլն ԱՄՆ դոլար, ուկրաինական կողմը պետք է իր պարտավորությունները կատարի մինչև 2014-ի կեսերը։

Խորվաթիայի հետ պայմանագրի համաձայն՝ 2013-ի հոկտեմբերին խորվաթական կողմն արդեն պետք է ստացած լիներ արդիականացված ինքնաթիռների առաջին խմբաքանակը, բայց նավիգացիայի ու կապի միջոցների ապահովումը ստանձնած չեխական ընկերության պատճառով պայմանավորվածությունը չկայացավ։

Հայտնի է, որ 2014-ի հունվարի 1-ի դրությամբ Խորվաթիայի ՌՕՈւ կազմում կա 3 միավոր ՄիԳ-21, որոնցից մեկը կրկին վերանորոգվել է թռչնի հետ օդում բախվելու հետևանքով վնասված շարժիչի պատճառով։ Այս ինքնաթիռների շահագործման ժամկետն ավարտվել է, այնուհանդերձ Խորվաթիան սպասում է Ուկրաինիայի ՄիԳ-21-երին, որպեսզի շահագործումից դուրս բերի իր հնացած նմուշները։

Ինչպես գրում է խորվաթական defender.hr կայքը, Խորվաթիան ընդհանուր առմամբ գոհ է Ուկրաինայում կատարված վերանորոգումից, սակայն չեխական ընկերությունն իր կապի միջոցներն առաջին անգամ է տեղադրում նման ինքնաթիռների վրա, ուստի որոշակի տեխնիկական խնդիրներ ծագել են։

Defender.hr-ի փոխանցմամբ, խնդիրները շուտով կշտկվեն, և ինքնաթիռները մինչև հունվարի վերջ կտրամադրվեն Խորվաթիայի ՌՕՈւ-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *