ՌԴ-ն նախատեսում է իր նավատորմը համալրել շուրջ 40 ռազմանավով

Ռուսաստանը իր ռազմածովային ուժերը 2014 թվականին նախատեսում է համալրել շուրջ 40 ռազմանավով: Ստորջրյա ուժերի սպառազինության մեջ կմտնի «Բորեյ» նախագծի «Վլադիմիր Մոնոմախ» ատոմային հրթիռակիր սուզանավը, իսկ Սևծովյան նավատորմը կստանա 636.3 նախագծի 2 դիզել-էլեկտրական սուզանավ:

«Վարշավյանկա» նախագծի սուզանավերից

«Վարշավյանկա» նախագծի սուզանավերից

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով ՌԴ ռազմածովային նավատորմի սպառազինության գծով հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Վիկտոր Բուրսուկին:

Փոխծովակալը հավելել է նաև, որ տարվա ընթացքում շարունակվելու է «Ադմիրալ Նախիմով» ատոմային հրթիռակիր հածանավի արդիականացումն ու վերանորոգումը:
Բուրսուկը նշել է, որ 2014 թվականին նախատեսվում է նավատորմը համալրել նաև «Իգոր Բելառուսով» փրկարարական նավով, որի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվում են:

Հիշեցնենք, որ պետերբուրգյան «Ադմիրալական նավաշինարան» նավաշինական ձեռնարկությունը 2013 թվականի նոյեմբերի 28-ին Ռուսաստանի Սևծովյան նավատորմի համար ջուրն է իջեցրել 636.3 «Վարշավյանկա» նախագծի «Նովոռոսիյսկ» առաջին դիզել-էլեկտրական շարժիչով սուզանավը։ Բացի այդ, ընդհանուր առմամբ նախատեսվում է ռուսական նավատորմին փոխանցել «Վարշավյանկա» նախագծի 6 միավոր սուզանավ, որից վերջինը կհանձնվի 2016 թվականին։

Տեղեկացնենք, որ 636 նախագծի սուզանավերն ունեն 3000 տոննա ջրատարողություն, 18 հանգույց արագություն (~33.336կմ/ժ), մինչև 300 մետր սուզվելու հնարավորություն և մինչև 400 մղոն (~740.8կմ) նավարկման հեռավորություն։ Սպառազինված են ականներով, «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային համակարգով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *