Գերմանական Օյսկիրխեն քաղաքի շինհրապարակներից մեկում հունվարի 3-ին պայթել է դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ավիացիոն ռումբը: Մահացել է մեկ մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ութը:
Ինչպես հաղորդում է գերմանական Der Spiegel պարբերականը, տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունի վայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա տեղակայված կառույցների ապակիները կոտրվել են, պայթյունի ուժգնության հետևանքով փլվել է սուպերմարկետներից մեկի առաստաղը:
Ըստ աղբյուրի՝ պայթյունը գրանցվել է տեղական ժամանակով 12:00-ի սահմաններում: Ռումբը սկսել է աշխատել, երբ հողափոր մեքենան շերեփով պատահմամբ դիպչել է դրան: Հողափոր մեքենայի վարորդը տեղում մահացել է:
Հիշեցնենք, որ Օյսկիրխենը Հյուսիսային Ռեյնում է՝ Վեստֆալիայում, որն էլ դեռևս 1944-ին խորհրդային ուժերի կողմից զանգվածային ռմբակոծման է ենթարկվել: Քաղաքի վրա նետված ռումբերի ընդհանուր քանակն անցնում է հազարից, դրանց մեծ մասը չի պայթել ու մինչ օրս հողի տակ է:
Նշենք, որ 2012-ին այս տարածքում հայտնաբերել են ավելի քան 700 կտոր չպայթեցված զինամթերք :