Ցույց Թուրքիայում՝ ի պաշտպանություն Ադրբեջանում ինքնահրկիզված վետերանի իրավունքների

Թուրքիայի Մերսին քաղաքում հունվարի 3-ին մի խումբ ադրբեջանցիներ ցույց են կազմակերպել` ի նշան Ադրբեջանում Արցախյան պատերազմի վետերան, հաշմանդամ Զաուր Հասանովի ինքնահրկիզման հարցում իշխանությունների արհամարհական վերաբերմունքի դեմ բողոքի:

Ադրբեջանցիների ցույցը՝ Թուրքիայի Մերսին քաղաքում

Ադրբեջանցիների ցույցը՝ Թուրքիայի Մերսին քաղաքում

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, բողոքի ցույցը կազմակերպել էին ադրբեջանցի ուսանողներն ու «Ադրբեջանական մշակույթի ընկերությունը»: Ցույցի մասնակիցները վանկարկում էին «Իլհամ Ալի՛և, մի՛ այրիր վետերաններին, նրանք քո զինվորներն են»:

Ըստ աղբյուրի՝ ցուցարարներն ինքնահրկիզված վետերանի մահվան հարցում մեղադրում են Ադրբեջանի կառավարությանը և պահանջում անհապաղ պատասխանատվության ենթարկել Հասանովին այդ քայլին հասցրած պաշտոնյաներին:

Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի վետերան Զաուր Հասանովը պահանջում էր վերադարձնել իրենից ապօրինաբար խլած թեյարանը, որն էլ բազմազավակ ընտանիքի եկամտի միակ աղբյուրն էր: Պահանջի անտեսումը հանգեցրեց դեկտեմբերի 25-ին վետերանի ինքնահրկիզմանը: Հիվանդանոցում Հասանովի բուժման գործընթացն իշխանությունը վերածեց սեփական վարկանիշը բարձրացնելուն ուղղված քարոզչությանը, սակայն դեկտեմբերի 28-ին վետերանի մահը կասեցրեց նոր սկսված «քարոզարշավը»: Նույնիսկ տարբեր պաշտոնյաների՝ մահացածի ընտանիքին նյութական աջակցություն ցույց տալու խոստումները չշտկեցին իրավիճակը: Դեկտեմբերի 29-ին հուղարկավորությունը վերածվեց ցույցի, բացի այդ էլ նախաձեռնվեց նոր ցույց Բաքվի կենտրոնական հրապարակում: Ոստիկանները ցույցը ցրեցին՝ ձերբակալելով ավելի քան 20 հոգու:

Ներկա դրությամբ Ադրբեջանում մի շարք փորձագետներ կանխատեսում են՝ հասարակական ակտիվությունը վետերանի խնդիրների հարցում կնվազի, եթե միայն իշխանությունն աշխատանքից հեռացնի վետերանի ունեցվածքի ապօրինի սեփականացման հարցում մեղավոր պաշտոնյաներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *