Թուրքիան հաստատեց 2014-ի ռազմական բյուջեի ավելացումը

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է 2014 թվականի ռազմական ոլորտին տրամադրվելիք գումարի չափը։ Ինչպես և նախատեսված էր 2014-ի բյուջեի նախագծով, հաջորդ տարի Թուրքիայի պաշտպանական ծախսերի համար կհատկացվի շուրջ 10.9 մլրդ ամերիկյան դոլար, որը շուրջ 7.2 տոկոսով ավել է 2013 թվականի հատկացումներից. 2013 թվականին ռազմական ծախսերի համար առանձնացվել էր 10.1 մլրդ դոլար։

 

Թուրք զինծառայողները զորավարժության ժամանակ

Թուրք զինծառայողները զորավարժության ժամանակ

Այսպիսով, Թուրքիայի ռազմական ծախսերը կկազմեն պետական ծախսերի 3.7 տոկոսը։

Բացի այդ, թուրքական ռազմարդյունաբերության աջակցման համար այս տարի ևս հիմնադրամ է ձևավորվելու, որտեղ նախատեսում է հավաքել 600 մլն ամերիկյան դոլար։ Հիմնադրամի եկամուտների մի մասը ձևավորվելու է ազարտային խաղերի, ալկոհոլի և ծխախոտի հարկերի միջոցով, տեղեկացնում է Defense News ռազմական լրատվակայքը։

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի կառավարությունն անվտանգության, պաշտպանական և հետախուզական գերատեսչություններին 2014-ին հատկացնելու են շուրջ 24.65 մլրդ ամերիկյան դոլար, որը 9.5 տոկոսով ավել է 2013 թվականի ցուցանիշից։

Ավելի վաղ «Ջեյնս» ռազմական հանդեսը հայտնել էր, թե թուրքական կառավարությունը պաշտպանական բյուջեի ավելացումը պատճառաբանել է Սիրիայից հնարավոր վտանգով, ինչպես նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարով, թեև 2013 թվականի մայիսից թուրքական բանակն ու քրդական կազմակերպությունը հրադադարի ռեժիմ են պահպանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *