Խաղաղ ծառայություն, ուրիշ ոչինչ. Սևակ Հարությունյան

Թե որտեղ կծառայեմ, այդքան էլ կապ չունի, կարևորը իմ գիտելիքներով կարողանամ լավ զինվոր լինել։ Սա զորակոչիկ Սևակ Հարությունյանի պատասխանն է Ռազմինֆոյի հարցին։ 

Ռազմինֆոն շարունակում է ներկայացնել հարցազրույցներ զորակոչիկների հետ։ Այսօրվա մեր զրուցակիցը Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից Սևակն է։ Նա  սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

Ի՞նչ զգացողություններ ունեք մինչև բանակ գնալը։

Ճիշտ է՝ նույն զգացողությունները չեն, ինչպես առաջ էր, բայց մեծ տարբերություն էլ չկա։ Դե 2 տարի լրիվ ուրիշ կյանքով ես ապրելու, տրամադրվում ես անկախ քեզնից: Առաջ այդ պատասխանատվության զգացումը չկար, ինչպես հիմա է։ Վերջիվերջո հայրենիքս եմ պաշտպանելու։

Ընտանիքում ինչպե՞ս են տրամադրված։ Առաջի՞ն զավակն եք, որ բանակ է գնում։

Այո, անդրանիկ որդին եմ։ Երկու եղբայր ենք։ Իսկ տրամադրվածության մասին խոսելիս հպարտությունից բացի ուրիշ բան դեռ չեմ նկատել։ Փոքր տարիքից ֆիդայական, հայրենասիրական երգերի ազդեցությամբ ենք մեծացել։

Երբևէ խոսակցություն չի՞ եղել, որ բանակ չգնաք, որ ծառայելու փոխարեն Ձեր ուսումը շարունակեք։

Բանակ չգնալու մասին զուտ կատակով ենք խոսել, «թուրքը կկրակի կփախչես»… ոչ մի լուրջ խոսակցություն։ Իսկ ուսումն ավելի լավ կլինի բանակից հետո շարունակեմ, սա իմ անձնական կարծիքն է։

Զինվորական ծառայության մասին պատկերացումներդ ինչպիսի՞ն են։

Լավ պատկերացումներ ունեմ, բայց, իհարկե, դա բացարձակ կարծիք չէ։

Որտե՞ղ կուզենայիք ծառայել։

Այսպես կպատասխանեմ՝ Հայաստանի Հանրապետությանը։ Տեղն այդքան էլ կապ չունի, կարևորն իմ գիտելիքներով կարողանամ լավ զինվոր լինել։

Իսկ ի՞նչ զորատեսակում կուզենաք ծառայել։

Կապի։ Բայց դիպուկահարը միշտ էլ առաջնային է եղել։ Ուղղակի կապի առումով, կարծում եմ, թուրքերենի իմացությունս պետք կգա։

Ձեզ երկու տարի անց ինչպե՞ս եք պատկերացնում։

Ավելի փորձառու, կոփված, պատրաստված կյանքի դժվարություններին մենակ, ինքնուրույն հաղթահարելուն ու ամենակարևորը պարտքը կատարած մարդու արժանապատվությամբ։

Ի՞նչ կուզենայիք Ձեզ հետ բանակ տանել։

Հեռախոսս անպայման, խաչս, Մաքիավելիի «Տիրակալը» գիրքը ու սիրածս աղջկա նկարը։

Որևէ՞ սպորտաձևով զբաղվել եք։

Այո, կ-1, դե համարյա մուայ-թայի նման մի բան է։ Զբաղվել եմ 1.5 տարի։

Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչ դեր ունի ֆիզիկապես ուժեղ գնալը։

Դե ֆիզվարժանքներ անելիս չես դժվարանա, ինքնավստահ կլինես ոչ թե դա թույլերը ճնշելու համար կամ նման բանի, այլ պատրաստված վիճակ՝ դժվարությունները հաղթահարելու համար։

Ի՞նչ ասել է Ձեզ համար ծառայությունը։

2 տարվա ուրիշ կյանք՝ տնից հեռու, պարտքը տալու զգացողություն ու հիմա իմ պատասխանը կարող է լրիվ տարբերվել ծառայությանս 2 օրից հետո։

Ի՞նչ կուզենայիք իմանալ բանակի մասին, որ հիմա չգիտեք:

Կհավատաք թե չէ, ոչ մի բան էլ չեմ ուզում իմանալ. Ինչ-որ չգիտեմ բանակում, կիմանամ (ժպտում է)։

Իսկ ի՞նչ կմաղթեք այն տղաներին, ովքեր Ձեզ պես բանակ են գնում։

Խաղաղ ծառայություն, ուրիշ ոչինչ։

Զրուցեց՝ Հասմիկ Մելիքսեթյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *