Այսօր պարզ է դարձել, որ Տավուշում սպանված հայ զինվորը մահացել է ոչ թե ադրբեջանցիների գնդակից, այլ ծառայակցի: Այսուհետ ՀՀ Կառավարությունը կփորձի աջակցել այն զինծառայողներին, ովքեր զորացրվելուց հետո ուսումը շարունակելու նպատակ կունենան: Վրացական կողմը հերքել է հայ-վրացական համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին լուրը: Ադրբեջանի բանակում մահվան, ցրտահարության և ականի վրա վիրավորվելու դեպքեր են գրանցվել:
- Անդրադառնալով ադրբեջանական հաղորդագրությանը, թե հայկական կողմի արձակած կրակից իրենց կողմից երկու զոհ է եղել` ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը պատասխանել է. «Հայկական կողմն ի պատասխան ադրբեջանական կողմի հրադադարի ռեժիմի խախտման` իրականացրել է պատժիչ գործողություններ, որի հետևանքով հնարավոր է ադրբեջանական կողմում զոհեր եղած լինեն»:
- Այսօր պարզ է դարձել, որ Տավուշի զորամասերից մեկում սպանված զինծառայողԱլբերտ Արմենակի Ադիբեկյանը սպանվել է ոչ թե ադրբեջանցիների գնդակից, ինչպես ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր ՀՀ ՊՆ-ն, այլ ծառայակցի գնդակից:
- Հանրապետության մի քանի բուհերի երիտասարդ դասախոսներ և ասպիրանտներ կկցվեն ՀՀ երկու զորամասերի` բուհ ընդունվելու նախապատրաստական ծրագրին աջակցելու համար, որը զինծառայողին հնարավորություն կտա կողմնորոշվել հետագա ուսման հարցում:
- Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հերքել է ավելի վաղ տարածված այն լուրը, թե ԱՄՆ-ի հովանու ներքո կանցկացվեն հայ-վրացական համատեղ զորավարժություններ:
- Մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է և ՀՀ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել նրա 53-ամյակին նվիրված միջոցառում:
Միջազգային լուրերը հայկական մամուլում
- Ադրբեջանում` Մուրովդաղում զինծառայության մեջ գտնվող ադրբեջանական բանակի չորս զինվոր ցրտահարվել է: Նրանցից երկուսի ականջները, երկուսի` ոտքերն են ցրտահարվել: Բուժման նպատակով նրանք պետք է տեղափոխեն Բաքու:
- Սակայն սա այս օրվա ընթացքում ադրբեջանական բանակում գրանցված միակ դեպքը չէ: Հոսպիտալում լեյկոզի հետևանքով մահացել է մի զինծառայող, մեկ սպայի էլ մահացած են գտել բնակարաններից մեկում. մահվան հանգամանքները պարզվում են: Մեկ սպա էլ պայթել է ականի վրա. նրա ներքին վերջույթներն անդամահատվել են:
- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Իրանն այժմ մեկուսացման մեջ է և «հավանականություն կա, որ ճնշումներով ուղեկցվող դիվանագիտությունը կտա իր պտուղները»:
- Պաշտոնական Դամասկոսի հաղորդմամբ` սիրիական անվտանգության ուժերը ձերբակալել են ֆրանսիական բանակի 13 զինծառայողի:
- ՆԱՏՕ-ն 67 մլն դոլար կծախսի իր օբյեկտների և կենտրոնակայանների կիբերանվտանգությունն ապահովելու համար: Համաձայնագրի շրջանակներում կապահովի աշխարհի 28 երկրներում ՆԱՏՕ-ի շուրջ 50 կենտրոնակայանների և օբյեկտների թվային անվտանգությունը:
- Պակիստանի զինվորականները հաջողությամբ փորձարկել են Հաթֆ-II «Աբդալի» բալիստիկ հրթիռը, որը կարող է մարտագլխիկ կրել և ունակ է մեծ ճշգրտությամբ թիրախներ կործանել մինչև 180 կմ հեռավորության վրա: