Հարավային Սուդանում հարձակվել են ամերիկյան կոնվերտոպլանների վրա. կան վիրավորներ

Ամերիկյան 3 Osprey CV-22 կոնվերտոպլաններ, որոնք ԱՄՆ քաղաքացիների տարհանում էին Հարավային Սուդանից,  հարձակման են ենթարկվել զինյալների խմբավորումներից մեկի կողմից։

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, զինյալներն ինտենսիվ կրակ են բացել կոնվերտոպլանների ուղղությամբ, ինչի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ամերիկյան 4 զինծառայող։

Նշենք, որ զինյալների համար դյուրին է եղել վնասել Osprey CV-22 կոնվերտոպլանները, քանի որ վերջիններս ցածր բարձրության վրա էին, որպեսզի մարդիկ կարողանային ինքնաթիռ բարձրանալ։ Սակայն չդադարող կրակոցները հանգեցրել են տարհանման գործողության կասեցմանը։ Բոլոր 3 Osprey CV-22-ները վնասվել են։

Ավելի վաղ Հարավային Սուդանում զինյալները կրակ էին բացել ՄԱԿ խաղաղապահ առաքելության շրջանակներում գործողություն իրականացնող, ռուսական Utair ընկերությանը պատկանող Մի-26 ուղղաթիռի ուղղությամբ, զոհեր չեն գրանցվել։

Նույն օրը նուեր ցեղի անդամները հարձակում են  գործել Ջուբա քաղաքում տեղակայված ՄԱԿ ռազմակայանի վրա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները քաղաքացիական պատերազմի եզրին կանգնած Հարավային Սուդան են ուղարկել 45 զինծառայողի, չհստակեցված քանակի ռազմական տեխնիկա։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է՝ Հարավային Սուդանում իշխանության բռնի զավթման ցանկացած փորձ հանգեցնելու է ԱՄՆ-ի կողմից օգնության դադարեցմանը։

Հարավային Սուդանում  մեկ շաբաթից ավել ընթացող բախումների պատճառով զոհվել է 600 հոգի, 35 հազար խաղաղ բնակիչ ռազմակայաններում պատսպարվելու թույլտվություն է խնդրել ՄԱԿ-ից։ Մինչ օրս ԱՄՆ ուժերին հաջողվել է տարհանել 380 ԱՄՆ և այլ երկրների 300 քաղաքացիների։ Զինյալների հարձակումները Ջուբայի ռազմակայանի վրա թե´ իշխանությունների, թե´ ՄԱԿ-ի կողմից գնահատվում է որպես ռազմական գործողություն։ Բախումները Ջուբայի մերձակայքից արդեն իսկ տարածվել են նավթով հարուստ Յունիթի նահանգ։ Դեկտեմբերի 21-ին Հարավային Սուդանի տեղեկատվության նախարարը հայտարարել է՝ իրենք կորցրել են վերահսկողությունը նավթային շրջանների նկատմամբ, քանի որ տեղի դիվիզիաներից մեկի հրամանատարը դասալքել է՝ միանալով զինյալներին։

ՄԱԿ-ը պատրաստվում է Հարավային Սուդան ուղարկել հավելյայլ ուժեր, նախնական տվյալներով՝ 5.5 հազար զինծառայող։

Հավելենք, որ 2011-ի հուլիսի 9-ին Սուդանը բաժանվել է երկու պետությունների։ Նավթով հարուստ Հարավային Սուդանը ստացել է Արևմուտքի աջակցությունը՝ արևմտյան նավթագազային ընկերությունների հետ համագործակցության դիմաց։ Իշխանությունը երկրում գոյատևում է հիմնականում ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ։ Ընդ որում, ներկայիս զինված բախումներն իրականում առնչություն չունեն հակաարևմտյան տրամադրությունների հետ, դրանք կրում են միջցեղային բնույթ, ինչը եզակի երևույթ չէ Աֆրիկայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *