Ադրբեջանի սահմանապահ ծառայության 2013-ի զեկույցից մի քանի տվյալներ

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ներկայացրել է 2013-ին իրականացված գործունեության արդյունքները, սահմանային միջադեպերի տվյալները, ինչպես նաև պարգևատրել զինծառայողների։

Ադրբեջանի սահմանապահ զինվորներ

Ադրբեջանի սահմանապահ զինվորներ

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը, սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևը հայտարարել է՝ անցնող տարում սահմանապահներն ընդհանուր առմամբ ձերբակալել են 515 հոգու, որոնց շարքում 46 %-ն Ադրբեջանի, 8.2 %-ը՝ Իրանի, 2.3 %-ը՝ Թուրքիայի, 2.7 %-ը՝ Ռուսաստանի, 4.9 %-ը՝ Վրաստանի, 3.9 %-ն Աֆղանստանի քաղաքացիներ են։

2013-ին ստուգվել են ադրբեջանական 84, ռուսական 23, իրանական 6, թուրքմենական 1, ղազախական 1 նավեր։

Ընդ որում, ստուգված ադրբեջանական նավերից 55-ի, ռուսականից՝ 8-ի, իրանականից՝ 1-ի, ղազախականից՝ 1-ի անձնակազմերի հարցում «համապատասխան վճիռն է կայացվել»։ Սահամանապահ ծառայությունը չի մանրամասնում, թե ինչ վճռի մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Կասպից ծովում սահմանային խնդիրներ ունի Իրանի, Ռուսաստանի ու Թուրքմենստանի հետ։ Ժամանակ առ ժամանակ Կասպից ծովում միջադեպեր են գրանցվում կապված իրանական ու թուրքմենական նավերի և սահմանապահների հետ, որոնք կամ առհասարակ չեն լուսաբանվում կամ էլ թռուցիկ են ներկայացվում ադրբեջանական մամուլում։

Ըստ նույն աղբյուրի՝ 2013-ին Ադրբեջանի «պետական սահմանին զինված 1 միջադեպ է գրանցվել, որի ընթացքում մեկ սահմանախախտ վնասազերծվել է»։

Սակայն, համաձայն նույն ադրբեջանական մամուլի հրապարակումների, 2013-ին Ադրբեջանում գրանցվել է առնվազն երեք սահմանային միջադեպ Իրանի հետ սահմանին, որից մեկի հետևանքով Իրանը փակել էր Ադրբեջանի համար կենսական նշանակության երկու անցակետ։

Վերջին նմանատիպ միջադեպը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, եղել է դեկտեմբերի 2-ին, երբ Լենքորանի շրջանի անցակետում զինված բախման հետևանքով սպանվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության 37-ամյա մայոր Մահսուդ Նագիևը, վիրավորվել են ևս երկուսը։ Իրանական կողմը չի հաստատել Ադրբեջանի վարկածը։ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունից հաղորդել էին, որ հետաքննում են միջադեպը։

Բացի այդ, 2013-ին ռուս-ադրբեջանական սահմանին ևս գրանցվել են մի շարք միջադեպեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *