ԱՄՆ դաշնային դատարանն ապօրինի է համարել հեռախոսների գաղտնալսման ծրագիրը

Վաշինգթոնում դաշնային շրջանային դատարանը բավարարել է երկու ամերիկացիների՝ ԱՄՆ ազգային անվտանգության դեմ ուղղված հայցերը՝ սահմանելով անհապաղ դադարեցնել նրանց հեռախոսազրույցներից տեղեկություններ քաղելը։

Freedom Watch իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Լարրի Քլայման

Freedom Watch իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Լարրի Քլայման

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, հեռախոսազրույցների միջոցով տեղեկությունների գաղտնի հավաքագրումը հակասում է ԱՄՆ Սահմանադրության 4-րդ կետին, որը վերաբերում է քաղաքացիներին անհիմն ստուգումներից պաշտպանելուն։

Ընդ որում, դատավճռի կատարումը հետաձգվել է մինչև կառավարության կողմից վճռի բողոքարկումը, քանի որ դատավորի որոշումն անմիջականորեն առնչվում է ազգային անվտանգության բնագավառի հետ։

Նշենք, որ պատասխանող կողմը պնդում է՝ ծրագիրը թույլ չի տալիս հետևել հեռախոսազրույցների բովանդակությանը, այլ ընդամենը գրանցում է զրույցի օրն ու ժամը, բաժանորդների հեռախոսահամարները, զրույցի տևողությունը։ Սակայն դատավորը բավարար չի համարել այս հիմնավորումը, բացի այդ էլ շեշտել է՝ կառավարությունը գոնե մեկ դեպք որպես ապացույց չի բերել, երբ հեռախոսազրույցների տվյալներն օգնել են կանխել ահաբեկչությունը։

Նկատենք, որ ԱՄՆ դաշնային դատարանն առաջին անգամ է կասկածի տակ դնում համանման ծրագրի արդյունավետությունը։ Ավելի վաղ հետախուզության հարցերով դաշնային դատարանը նույն հարցի առնչությամբ փակ լսումներ էր իրականացրել՝ 15 անգամ հաստատելով հեռախոսազրույցների տվյալների հավաքագրման ծրագրի օրինական լինելը։

Հավելենք, որ ԱՄՆ կառավարության դեմ հայցերը ներկայացրել էին Լարրի Քլայմանն ու Չարլզ Սթրեյնջը 2013-ի հունիսին, երբ ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հանրության սեփականությունն էր դարձրել ԱՄՆ հատուկ ծառայությունների գործունեության մանրամասները։ Քլայմանը հայտնի է որպես Freedom Watch իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր, իսկ Սթրեյնջը՝ 2011-ին Աֆղանստանում սպանված ազգային անվտանգության աշխատակցի հայր։ Այս երկու քաղաքացիներն էլ Verizon Communications ընկերության բաժանորդներն են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *