Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը վաճառքի է հանել Փարիզի կենտրոնում պատմական նշանակություն ունեցող շինություններից մեկը՝ նախկին աբբայության շենքը:
Ինչպես հաղորդում է ամերիկյան Bloomberg պարբերականը, նախկին աբբայությունը ներկայացնում է մի ամբողջական համալիր՝ կազմված աբբայության բուն շենքից, de Penthemont տաղավարից, ինչպես նաև du Genie հյուրանոցից: Շուրջ 12.5 հազար մ² տարածություն զբաղեցնող համալիրը կառուցվել է 18-19-րդ դարերում:
Համալիրի վաճառքի հարցերով զբաղվում է Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունը: Դեռևս անհայտ է, թե որքան գումար է ակնկալվում ստանալ համալիրի դիմաց: Ֆրանսիայի ՊՆ-ն նախատեսում է ազատել շենքը 2016-ի մարտին:
Նշենք, որ համալիրի վաճառքը նախարարությունների ծախսերի կրճատման պետական ծրագրի շրջանակներում է իրականացվում:
Ավելի վաղ հաղորդվում էր՝ 2015-ին վաճառքի է հանվելու Ֆրանսիայի ՊՆ ներկայիս գրասենյակը՝ կրկին պատմական նշանակության Ilot Saint-Germain անունը կրող կառույցը: Դրա փոխարեն ծրագրվում էր կիրառել Փարիզի հարավում տեղակայված շենքերից մեկը: