Իրաքում ահաբեկչությունների շարք է գրանցվել

Իրաքում զինյալները շրջափակել են Թիքրիթի քաղաքային խորհրդի շենքը՝ պատանդ վերցնելով աշխատակիցների մի մասին: Իրաքի զինված ուժերին հաջողվել է որոշ ժամանակ անց ազատել նրանց:

Բաղդադը դեկտեմբերի 16-ի ահաբեկչությունից հետո

Բաղդադը դեկտեմբերի 16-ի ահաբեկչությունից հետո

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, դեկտեմբերի 16-ին ահաբեկիչները քաղաքային խորհրդի շենքի մոտ ականապատ ավտոմեքենա են պայթեցրել, ապա ներխուժել շենք: Հարձակման հետևանքով տուժածների ու զոհերի մասին այս պահի դրությամբ տվյալներ չեն հաղորդվում:

Նշենք, որ Թիգրիթ քաղաքը տեղակայված է Բաղդադից 160 կմ հեռավորության վրա, ունի 190 հազար բնակչություն, հայտնի է որպես Սադամ Հուսեյնի ծննդավայր:

Հավելենք նաև, որ նույն օրը՝ դեկտեմբերի 16-ին, Իրաքի մյուս քաղաքներում իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 40 հոգի: Մասնավորապես, Բաղդադում մի քանի ահաբեկությունների զոհ է դարձել 21, վիրավորվել՝ 58 հոգի:

Բացի այդ, զինյալները հարձակվել են Բայջի քաղաքի ոստիկանատան վրա՝ սպանելով 8 ոստիկանի, 12 հոգի էլ մահացել է Իրաքի հյուսիսում՝ Մոսուլ քաղաքում, որտեղ զինյալները կրակ են բացել ավտոբուսի ուղղությամբ:

Իրաքում դավանաբանական ու քաղաքական հակամարտությունների պատճառով գրեթե ամեն օր ահաբեկչություն է գրանցվում: Սադամ Հուսեյնի օրոք բարձր պաշտոններ զբաղեցնող սուննիները հարձակումներ են կազմակերպում ներկայումս հետին պլան մղվելու արդյունքում: Արմատական տրամադրություններով հայտնի շիաներն էլ վրեժ են լուծում սուննիներից ահաբեկչությունների համար: Միայն 2013-ի դեկտեմբերի սկզբից մինչ օրս Իրաքում ահաբեկչությունների պատճառով զոհվել է 250 մարդ, իսկ ողջ տարվա կտրվածքով՝ 6400 հոգի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *