Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները Հայաստանի «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում երիտասարդ վարորդների համար անցկացնում են ուսումնական վարժանքներ ձմեռային պայմաններում լեռնային ճանապարհները հաղթահարելու համար։ Վարժանքներին մասնակցում է շուրջ 300 զինծառայող։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը։
Ուսումնավարժանքների տարածքը 2000 մետր բարձրության վրա է, օդի ջերմաստիճանը -10-ից -20 է։ Այսպիսի բնական պայմաններում մարտական մեքենաների արգելակիչների կարգավորումը պահանջում է հատուկ պատրաստություն։
Վարժանքն իրականացվում է 2 փուլով՝ առաջին փուլում երիտասարդ մասնագետները պետք է սովորեն մարտական մեքենաների վարման տեսական հատվածն ու սպասարկման առանձնահատկությունները։ Իսկ ահա երկրորդ փուլում զինծառայողները գործնական պարապունքների ժամանակ կկիրառեն իրենց գիտելիքները։ Նրանք վարելու են Տ-72Բ, ԲՄՊ-2, ԲՏՌ-80 մարտական մեքենաներ, ինչպես նաև ԿամԱԶ-55501 ավտոմեքենաներ։
Վարժանքների ընթացքում զինծառայողները փորձարկելու են մանևրելու հնարքներ, նվազագույն արագությամբ հաղթահարելու են բարձունքներ և իջնելու են այնտեղից։
Դասընթացի ավարտին զինծառայողները վերջնական քննություն կհանձնեն, որի ընթացքում 100 կմ երթ կիրականացնեն, որից հետո միայն նրանց կտրվի ավտոմեքենաների և մարտական տեխնիկայի վարման, ինչպես նաև բեռներ և անձնակազմ փոխադրելու իրավունք։