Ավստրալիան փակել է ռազմաբազան ու դուրս բերել իր զորքերն Աֆղանստանից

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոթը հայտարարել է, որ Ավստրալիան արդեն իսկ փակել է աֆղանական Ուրուզհան գավառում խոշորագույն ռազմակայանը՝ դուրս բերելով իր վերջին ուժերը երկրից։

Ավստրալիայի խաղաղապահները՝ Աֆղանստանում

Ավստրալիայի խաղաղապահները՝ Աֆղանստանում

Բացի այդ, ամփոփելով Աֆղանստանում Ավստրալիայի առաքելության պատմությունը՝ վարչապետը շեշտել է՝ իրենք բավականին «բարձր գին են վճարել պատերազմի համար, սակայն զոհաբերություններն ապարդյուն չէին»։

Էբբոթի խոսքերով՝ Ավստրալիայի զինծառայողների գործունեության շնորհիվ՝ Ուրուզհան գավառում դրական փոփոխություններ են նկատվում։ Մասնավորապես, շրջանում բարելավվել են ենթակառուցվածքները, արդյունավետ են գործում կառավարության ենթակառույցները, բժշկական սպասարկման որակը բարձրացել է, իգական սեռի ներկայացուցիչները սկսել են դպրոց հաճախել։

Նշենք, որ Աֆղանստանում այնուհանդերձ մնացել են 400 ավստրալացի զինծառայողներ, որոնք պետք է ուսուցանեն տեղացի զինծառայողներին։ Բացի այդ, Ավստրալիան պարտավորվել է տարեկան 89 մլն ԱՄՆ դոլար հատկացնել աֆղանական անվտանգության ուժերի ամրապնդման նպատակով։

Հիշեցնենք, որ դեռևս ընթացիկ տարվա հոկտեմբերին վարչապետը հայտարարել էր, որ Ավստրալիայի «ամենատևական պատերազմն ավարտված է», և տարվա վերջին ավստրալական ուժերը դուրս են գալու Աֆղանստանից։

Ավստրալիայի կառավարությունը զորք էր ուղարկել Աֆղանստան դեռևս 2001-ին՝ երկրում ունենալով քաղաքական ու հասարակական աջակցություն, սակայն հետագայում իրավիճակը փոխվել էր, քանի որ ավստրալական զորքը 30-ից ավելի զոհ էր գրանցել։ Հասարակության շրջանում դժգոհության ալիք էր բարձրացել։ Արդյունքում դեռևս 2012-ի ապրիլին պետական մակարդակով քննարկումներ էին ընթացել թեմայի շուրջ, և ընդդիմությունն ու իշխանությունը համակարծիք էին նախատեսվածից վաղ զորքերն Աֆղանստանից դուրս բերելու շուրջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *