Ավստրալիան ավարտում է Աֆղանստանում իր խաղաղապահ առաքելությունը։ Ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջին Աֆղանստանում ծառայող ավտրալիացի զինծառայողները պետք է տուն վերադառնան։ Այս մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբբոտը՝ Աֆղանստանի Ուրուզհան նահանգում ծառայություն անցնող հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Ավստրալիայի համար ամենատևական պատերազմն ավարտված է։ Այն ավարտում ենք ո´չ հաղթանակով, ո´չ պարտությամբ, այլ հույսով, որ Աֆղանստանում իրավիճակը բարելավվել է՝ մեր զորքերի առկայության շնորհիվ։ Ավստրալիան նվաճողական պատերազմներ չի տանում, մենք հանուն ազատության ենք պայքարում», — շեշտել է վարչապետը։
Ներկա դրությամբ Աֆղանստանում տեղակայված են ավելի քան հազար ավտրալիացի զինծառայողներ։ Այնուհանդերձ, չնայած որ դեկտեմբերին ավտրալիական զորքերը դուրս են բերվելու, հատուկ նշանակության ստորաբաժանումների անդամները, որոնց թվաքանակը չի հստակեցվում, մնալու են Աֆղանստանում՝ որպես տեսուչներ։ Վերջիններս հավանաբար Ուրուզհան նահանգից կտեղափոխվեն Քանդահար կամ Քաբուլ։
Ավստրալիայի կառավարությունը զորք էր ուղարկել Աֆղանստան դեռևս 2001-ին՝ երկրում ունենալով քաղաքական ու հասարակական աջակցություն, սակայն հետագայում իրավիճակը փոխվել էր, քանի որ ավստրալիական զորքը 30-ից ավելի զոհ էր գրանցել։ Հասարակության շրջանում դժգոհության ալիք էր բարձրացել։ Արդյունքում դեռևս 2012-ի ապրիլին պետական մակարդակով քննարկումներ էին ընթացել թեմայի շուրջ, և ընդդիմությունն ու իշխանությունը համակարծիք էին նախատեսվածից վաղ զորքերն Աֆղանստանից դուրս բերելու շուրջ։