Եմենի խորհրդարանն արգելել է անօդաչու թռչող սարքերի օգտագործումը

Դեկտեմբերի 15-ին Եմենի խորհրդարանն օրենք է ընդունել, որը ենթադրում է պետության տարածքում ցանկացած տիպի անօդաչու թռչող սարքերի կիրառման խստիվ արգելում:

MQ-9 Reaper ամերիկյան ԱԹՍ

MQ-9 Reaper ամերիկյան ԱԹՍ

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, դեռևս պարզ չէ՝ երբ է օրենքն ուժի մեջ մտնելու: Հայտնի չէ նաև օրենքի խախտման դեպքում սպասվելիք պատիժը։

Նշենք, որ ԱՄՆ ԿՀՎ-ն է հիմնականում ղեկավարում ԱԹՍ-ների օգտագործմամբ բոլոր գործողությունները Եմենի տարածքում: Այս պահի դրությամբ ԱՄՆ-ն չի արձագանքել նոր օրենքին:

Հիշեցնենք, որ օրենքն ընդունել են դեկտեմբերի 12-ին գրանցված աղմկահարույց միջադեպից հետո:

Ամերիկյան ԱԹՍ-ի հարձակման զոհ են դարձել հիմնականում խաղաղ բնակիչները, քանի որ ԱԹՍ-ն հարձակում էր գործել հարսանեկան շքերթի ուղղությամբ։ ԱԹՍ-ի օդային հարվածների պատճառով պայթել էր հարսանեկան ավտոմեքենան, որի մեջ նվազագույնը 10 հոգի էր։

Համաձայն Եմենի անվտանգության ուժերի ներկայացուցչի՝ սպանվածների շարքում են նաև «ալ Կաիդայի» անդամներ, որոնց դեմ էլ ուղղված էր հարձակումը։

ԱԹՍ-ի կիրառմամբ հատուկ գործողությունները Եմենում վերահսկում է ԿՀՎ-ն։ Այս կերպ ամերիկյան իշխանություններն աջակցում են Եմենի կառավարությանը «ալ Կաիդայի» դեմ պայքարում։ Համանման գործողություններ իրականացվում են Պակիստանում ու Սոմալիում։ Ընդ որում, ԱՄՆ-ն բազմիցս քննադատությունների է ենթարկվում այս քայլերի համար, քանի որ ԱԹՍ-ի հարձակման զոհ են դառնում հիմնականում խաղաղ բնակիչներ։ Բացի այդ, իրավապաշտպանները բազմիցս շեշտել են՝ ԱԹՍ-ի միջոցով Եմենի իշխանություններն ու ԱՄՆ-ն ոչնչացնում են կասկածյալ-ահաբեկիչների, որոնց հանցանքն ապացուցված չէ, և նրանց կարելի է ձերբակալել ողջ վիճակում։

Վաշինգթոնն էլ ի պատասխան քննադատության հավաստիացնում է, որ հնարավորինս հստակորեն են ստուգում հետախուզության տվյալներն ու թիրախներ ընտրում ԱԹՍ-ների համար, որպեսզի խուսափեն խաղաղ բնակչությանը վնասելուց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *