Վիրավոր՝ առաջնագծում: «Դոկտրինայի»՝ ԶՈւ կորուստների մասին զեկույցը: Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» զեկույցի տվյալները՝ Ադրբեջանի մասին: Նոր միջադեպ՝ Իրան-Ադրբեջան սահմանին: Զաքիր Հասանովը խուսափել է ռազմատենչ հայտարարություններից:
-Ադրբեջանի ՊՆ-ի ԶԻԼ մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը՝ ԶՈւ պայմանագրային զինծառայող Աֆղան Սալիֆովը, կորցրել է կառավարումը, և ավտոմեքենան կողաշրջվել է: Ավտովթարի հետևանքով զինծառայողը վնասվածքներ է ստացել:
-Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատում է, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 19-ամյա Ալիսի Ֆիրդովսի օղլու Մուրադովը վիրավորվել է «հայկական գնդակից» առաջնագծում։
Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ և ՊԲ մամուլի ծառայության ղեկավարները բազմիցս շեշտել են՝ հայկական ստորաբաժանումները չեն խախտում հրադադարի ռեժիմը։
-Ադրբեջանում լրագրողների ռազմական ուսումնասիրությունների «Դոկտրինա» կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի ուժային ու պաշտպանական գերատեսչությունների կորուստների զեկույցը: Այն միակ հասանելի, քիչ թե շատ վստահելի ադրբեջանական աղբյուրն է: Ըստ դրա՝ 2013-ի սկզբից մինչ օրս Ադրբեջանի անվտանգության ու պաշտպանական համակարգերում գրանցվել է 77 կորուստ, 91 վիրավոր:
” Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» հրապարակած զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 91 միավոր ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենա, 94 միավոր Տ-90Ս տանկեր և այլ սպառազինություն։
-Ադրբեջանի մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության պետ, ԶՈւ գեներալ-լեյտենանտ Արզու Ռահիմովը կրկին դժգոհել է լրագրողներից և զորակոչի ընթացքում ծագած ողջ խնդիրները բարդել բուժզննում անցկացնող բժիշկների ուսերին, մինչդեռ վերջիններիս գործում են գեներալի ու ՊՆ-ի վերահսկողության ներքո:
” Իրան-Ադրբեջան սահմանին Ադրբեջանի սահմանապահների և Իրանի կողմից սահմանն անցնել փորձողների միջև միջադեպ է գրանցվել, ինչի հետևանքով մահացել է Ադրբեջանի ԶՈւ 37-ամյա մայոր Մաղսուդ Նագիևը, վիրավոր են 50-ամյա փոխգնդապետ Ազեր Շաֆիևը, 29-ամյա Վյուղար Վահաբովը։ Մանրամասներ չեն հաղորդվում:
” Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը դեկտեմբերի 3-ին մեկնել է Վրաստան՝ Վրաստանի ԶՈւ ուսումնական հաստատություններում կրթական համակարգին ծանոթանալու նպատակով: Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունները դեռևս ընթացիկ տարվա մարտի սկզբին 2013-ի կտրվածքով երկկողմ համագործակցության համաձայնագիր էին ստորագրել. Վրաստանի կողմից ստորագրել էր Իրակլի Ալասանիան, իսկ Ադրբեջանի կողմից՝ պաշտպանության արդեն իսկ նախկին նախարար Սաֆար Աբիևը:
-Ադրբեջանի և Չեխիայի զինվորականներն առաջիկայում՝ դեկտեմբերի 9-12-ը, Պրահայում անցկացնելու են խորհրդակցություն անվտանգության հարցերով: Խորհրդակցությունը կայանալու է երկկողմ համագործակցության շրջանակներում: Ադրբեջանի ու Չեխիայի պաշտպանական գերատեսչությունները համագործակցության համաձայնագիր են կնքել դեռևս 2009-ի հոկտեմբերի 1-ին, սակայն համաձայն փորձագետների՝ այս համաձայնագիրը մինչ օրս թղթի վրա է. դրա կետերի մեծ մասն ի կատար չեն ածվել:
” Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար, Ադրբեջանի ԶՈւ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը դեկտեմբերի 2-ին պաշտոնական այցով մեկնել է Հարավային Կորեա։
Զաքիր Հասանովը դեկտեմբերի 5-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի՝ Եվրոպայի և Ասիայի հարցերով տեղակալ Էրիկ Ռուբինին։ Նախարարն անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրին, սակայն, եթե հավատանք Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հրապարակմանը, խուսափել է ռազմատենչ հայտարարություններից՝ միայն շեշտելով, որ «բանակցային գործընթացը մտածված երկարաձգվում է, ինչն էլ ազդում է տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի վրա»։
-Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ դեկտեմբերի 2-ին Բաքվում և Սումգայիթում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք, որն առանց թույլտվության են պահվել։
Ռազմաշաբաթը նաև՝
Հայաստանում
Թուրքիայում