Ռազմաշաբաթ. Թուրքիա. դեկտեմբերի 1-7

Թուրք սահմանապահները սպանել են 7-ամյա սիրիացու։ Թուրքական զրահամեքենան կողաշրջվել է, կան վիրավորներ։ Նոր ջերմացույց սարքեր՝ Թուրքիայի սահմանին։ Ցույցեր՝ ընդդեմ բանակում կասկածելի դեպքերի։ Անքա անօդաչու թռչող սարք է կործանվել:

FALCONEYE

FALCONEYE

” Թուրքիայի զինված ուժերի սահմանապահ ստորաբաժանումները կրակ են արձակել Թուրքիայից ապօրինի կերպով Սիրիա անցնել փորձող սիրիացիների խմբի ուղղությամբ։ Թուրք սահմանապահների կրակի հետևանքով 7-ամյա աղջիկ է մահացել։

” Ներկայիս Թուրքիայի Վան նահանգի Բաշքալե շրջանում երկրի զինված ուժերի ժանդարմերիայի զրահամեքենա է շրջվել, ինչի հետևանքով 11 զինվոր է վիրավորվել։ Վանի ժանդարմերիայի Ասայիշի դիվիզիայի Kirpi («Քիրփի») զրահամեքենան, որն ընթանում էր 5 մեքենայից կազմված շարասյան կազմում, սառցապատ ճանապարհի վրա կորցրել է կառավարումը և կողաշրջվել, ինչի հետևանքով նրանով երթևեկող 11 զինծառայող վնասվածք է ստացել։

” Թուրքական «Ասելսան» ընկերությունը նոյեմբերի 26-ից սկսել է երկրի զինված ուժերին մատակարարել նոր էլեկտրոնային-օպտիկակական ջերմացույց սարքեր։ Նոր համակարգերն օգտագործվելու են Թուրքիայի ԶՈւ սահմանապահ ստորաբաժանումների կողմից՝ պետական սահմանը հսկելու համար։

” Թուրքիայի Դերսիմ քաղաքում ցույց է անցկացվել, որի մասնակիցները դժգոհել են բանակում կասկածելի մահվան դեպքերից։

Ցույցի համար պատճառ է հանդիսացել Թուրքիայի զինված ուժերի ժանդարմերիայի ժամկետային զինծառայող, շարքային Մահսուն Յափի մահը, որը պաշտոնական շրջանակները ներկայացրել են որպես վթարի հետևանք, մինչդեռ նրա հարազատները կարծում են, թե սպանություն է եղել։

” Թուրքիայում վայր է ընկել ու այրվել տեղական արտադրության Անքա անօդաչու թռչող սարքը, որն ուսումնական թռիչք էր կատարում։

Անքան վայր է ընկել ներկայիս Թուրքիայի Բաթման նահանգում (Սասուն) դեկտեմբերի 6-ին կեսօրից հետո։ Դեռ պաշտոնապես չի նշվում, թե ինչն է անօդաչուի անկման պատճառ հանդիսացել։

Ռազմաշաբաթը նաև`

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *