ՀՀ ԶՈւ-ում մեկնարկել է զորակոչը: ՀՀ և ՌԴ նախագահներն այցելեցին 102-րդ ռազմաբազա: Ռուսական «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը» տվյալներ է հրապարակել տանկերի արդիականացման, ԲՄՊ-2-ների վերանորոգման մասին:
-Դեկտեմբերի 2-ին Հայաստանում մեկնարկեց ձմեռային զորակոչը։ Այն շարունակվելու է մինչև հունվար ամիս։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին ՀՀ հարավարևմտյան առաջնագիծ այցի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով Ռազմինֆոյի հարցին, նշել էր, որ զորակոչն իրականացվելու է վիճակահանությամբ։ «Դեկտեմբերի 2-ից մեկնարկող զորակոչը համեմատաբար ավելի հետևողական է լինելու, այս տարի իրականացնելու ենք վիճակահանությամբ, ինչը հնարավորություն է տալու քայլ անել նպաստելու համար արդարության զարգացմանը»,-նշել էր Սեյրան Օհանյանը։
-Դեկտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելելեցին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան:Նախագահները ռազմակայանում լսել են հայ-ռուսական միացյալ զորախմբավորման հրամանատարի և ռազմակայանի հրամանատարի զեկույցները, այցելել են ռազմակայանի տարածքում գործող ռուսական եկեղեցի, որից հետո դիտել են նաև կայանի սպառազինությունը: Ներկայացված էին Սմերչ ՀԿՌԿ, «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ զենիթահրթիռային, «Կոնկուրս» հակատանկային համակարգեր, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայան, «2Ս1 Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգ, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենա և Տ-72Բ տանկ:
-Հայտնի են դարձել տանկերի արդիականացման հայ-լեհական գործարքի մանրամասները։ Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» հրապարակած զեկույցի համաձայն՝ 84 միավոր Տ-72 հայկական տանկեր պիտի արդիականացվեն մինչև PT-72U մակարդակի։ Պայմանագրով նախատեսված է, որ 84 տանկերից 24-ն արդիականացվելու են 2013-ի ընթացքում, 30-ական տանկ էլ արդիականացվելու են 2014 և 2015 թվականներին։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 100 մլն ԱՄՆ դոլար է։ ՊՆ-ից լուրը ոչ հերքում, ոչ էլ հաստատում են:
-Հայաստանի զինված ուժերի 50 միավոր ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ վերանորոգվում են Ռուսաստանում։ Գործարքի ընդհանուր արժեքը մոտ 10 մլն ԱՄՆ դոլար է։ Այս տվյալները հրապարկել է ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը» իր ամենամյա հաշվետվության մեջ։ Համաձայն հաշվետվության` վերանորոգման պայմանագիրը կնքվել է 2012թ.-ին և դրանով նախատեսված աշխատանքները պիտի ավարտվեն մինչև այս տարվա վերջ։ Նշենք, որ հայկական զրահատեխնիկայի նորոգումը իրականացվում է նաև Չարենցավանի հաստոցաշինական գործարանում։
-ԵԱՀԿ առաքելությունը դեկտեմբերի 4-ին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը հայկական կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության բանակի ներկայացուցիչները:
Ռազմաշաբաթը նաև`
Ադրբեջանում
Թուրքիայում