Չեխիայի պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում ամերիկյան «Դրաքեն Ինթերնեյշնլ» (Draken International) ընկերության հետ 28 միավոր ուսումնամարտական L-159A ԱԼՔԱ ինքնաթիռները վաճառելու համար։
Բանակցություններին մասնակցում է նաև չեխական «Aero Vodochody Aerospace» ընկերությունը, որն էլ արտադրում է այդպիսի ինքնաթիռներ։ Եթե պայմանագիրը կնքվի, ապա ինքնաթիռները փոխանցվելու են Չեխիայի ռազմաօդային ուժերի կազմից։ Այս մասին հայտնում է Defense Aerospace կայքը։
Չեխական ընկերության գնահատմամբ՝ Հարավային Ամերիկայում ուսումնամարտական այդպիսի ինքնաթիռներն ավելի պահանջված են։
Միաժամանակ ինքնաթիռների փոխանցման և սպասարկման մասին բանակցություններ են վարում նաև «Draken International» և «Aero Vodochody» ընկերությունները։ Ինչպես նշվում է, մանրամասները կհայտարարվեն պայմանագրի կնքումից հետո։
L-159A միտեղանի ինքնաթիռի առավելագույն արագությունը 936 կմ/ժ։ Ինքնաթիռն ունի 7 կախոց «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» հրթիռների համար։ Այս թեթև կործանիչների վրա տեղադրված են նաև Գրիֆո-Լ ռադիոտեղորոշման կայաններ։
Ամերիկյան «Դրաքեն Ինթերնեյշնալ» ընկերությունը վարձույթով մարտական, ուսումնական ինքնաթիռներ է տալիս ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի անդամ պետություններին։ Ընկերությունը զբաղվում է նաև հնացած ավիատեխնիկայի գնումներով։
Հիշեցնենք, որ դեռ 2013 թվականի հոկտեմբերի սկզբին ամերիկյան Դրաքեն Ինթերնեյշնլ ընկերությունը Լեհաստանից գնեց 25 միավոր ՄիԳ-21 կործանիչ։ Այս կործանիչները համալրեցին խորհրդային արտադրության ՄիԳ-21ՈւՄ և ՄիԳ-21բիս ինքնաթիռների շարքը։
Հետաքրքիր է, որ, ըստ ամերիկյան ընկերության տարածած հայտարարության, ինքնաթիռների այս խմբաքանակն օգտագործվելու է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից. զորավարժությունների ժամանակ կատարելու է պայմանական հակառակորդի դեր։ Այն օգտագործվելու է նաև փորձարկող օդաչուների դպրոցներում։
Այս պահին ընկերության կազմում կա 50 միավոր թռչող սարք կա, որոնց թվում են Ա-4Կ Սքայհոք (A-4K Skyhawk) գրոհիչները, ՄԲ-399ՍՎ (MB-339CB) և Լ-39 Ալբատրոս (L-39 Albatros) ուսումնական ինքնաթիռները։
Տեղեկացնենք, որ Ա-4Կ գրոհիչններն ընկերությունը գնել է 2012 թվականի օգոստոսին։ Պաշտոնապես Դրաքեն Ինթերնեյշնլն ունի 17 միավոր Ա-4Կ Սքայհոք և 10 միավոր էլ դուրս գրված նորզելանդական ՄԲ-399ՍՎ ուսումնական ինքնաթիռ։