Բրիտանացի մայորը ծովն է նետել սպանված իրաքցիների նկարներ պարունակող համակարգիչը

Մեծ Բրիտանիայի ցամաքային զորքերի մայոր Ջեյմս Ռենդսը ծովն է նետել համակարգիչը, որտեղ պահվում էին 2004-ին բրիտանացիների կողմից կասկածելի պայմաններում սպանված Իրաքի բնակիչների լուսանկարները։

Մեծ Բրիտանիայի զինծառայողներն Իրաքում

Մեծ Բրիտանիայի զինծառայողներն Իրաքում

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Լոնդոնի դատարաններից մեկում ելույթ ունենալով՝ մայորը հաստատել է, որ համակարգիչը նետել է ծովը Գերմանիայից Մեծ Բրիտանիա ընթացող լաստանավից։ Ռենդսն արդարանում է, որ համակարգիչն անսարք է եղել, բացի այդ էլ ինքը համոզված էր՝ գաղտնի լուսանկարները մեկ այլ համակարգչում պահված կլինեն։ Իրականում էլ այդ նկարների պատճենները պահպանվել են և ներկայումս կարևոր մի գործում հիմնական ապացույցներն են։ Նույն այդ գործում մայորը որպես վկա է անցնում։

Հիշեցնենք, որ Ռենդսը 2004-ի մայիսին լուսանկարել է իրաքցիների 20 դիեր, որոնք պահվում էին Իրաքի Աբու Նաջի բազայում։ Այդ ժամանակ Ռենդսը հետախուզության սպա էր։ Մեղադրող կողմը վկայում է՝ 2004-ի մայիսի 14-ին բրիտանացի զինծառայողները գերեվարել են իրաքցի խաղաղ բնակիչների, նրանց բերել բազա, ապա տանջելով սպանել։

Բրիտանացի զինծառայողներն իրենց հերթին հավաստիացնում են՝ դրանք արդեն սպանված իրաքցիների դիեր էին, որոնց տեղափոխել էին բազա նույնականացման համար։

Իրաքցիների մահվան հանգամանքները Մեծ Բրիտանիան սկսել է հետաքննել 2009-ին։ Գործը կրում է «ալ Սվեդիի հետաքննություն» անունը՝ իրաքցի Համիդ ալ Սվեդիի անունով, որը բրիտանացի զինծառայողների ենթադրյալ զոհն է։ Հետաքննության շրջանակներում արդեն հարցաքննվել են 60 իրաքցի վկաներ, 200 բրիտանացիներ։ Հետաքննության վրա բրիտանական կառավարությունը ծախսել է ավելի քան 20 մլն բրիտանական ֆունտ (32 մլն դոլար)։ Դատական լսումները տևելու են թերևս մինչև 2014-ի գարունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *