Լիբանանում սպանել են «Հըզբոլլահ» շարժման հրամանատարներից մեկին

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի  արվարձաններից մեկում սպանվել է «Հըզբոլլահ» արմատական շարժման բարձրաստիճան հրամանատարներից մեկը՝ Հասան ալ Լաքիսը։

 

«Հըզբոլլահ» արմատական շարժման անդամները

«Հըզբոլլահ» արմատական շարժման անդամները

Ինչպես դեկտեմբերի 4-ին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, ալ Լաքիսը «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի մտերիմներից էր։

Ըստ նախնական տվյալների՝ Լաքիսին սպանել են իր տան մուտքի մոտ՝ ավտոմատ զենքից արձակված կրակից։ Նրան ծանր վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է։

Նշենք, որ «Հըզբոլլահի» ներկայացուցիչները սպանության համար մեղադրում են Իսրայելին՝ հայտարարելով, որ փաստեր ունեն։ Դրանցից մեկն այն է, որ ավելի վաղ մի քանի անգամ Լաքիսի սպանության փորձեր են կատարել հենց իսրայելական հատուկ ծառայությունները։

Հիշեցնենք, որ «Հըզբոլլահ» շարժումը տևական հակամարտության մեջ է Իսրայելի հետ։ «Հըզբոլլահ»-ը պնդում է՝ Իսրայել պետությունը չունի գոյության իրավունք, իսկ Իսրայելն իր հերթին շարժումը որակում է «ահաբեկչական»։

Նկատենք, որ պաշտոնական մակարդակով Իսրայելը երբևէ չի ստանձնել «Հըզբոլլահ»-ի անդամների հետապնդումների և սպանության պատասխանատվությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *