Օրերս ՌԴ-ում ավարտվել է Իլ-476 (Իլ-76ՄԴ-90Ա) ռազմական բեռնատար ինքնաթիռի պետական փորձարկումների առաջին փուլը։ Դրանց ավարտից հետո ինքնաթիռի առաջին փորձարարական նմուշը Գրոմովի անվան օդանավակայանից հեռացել է «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայան։
Պետական փորձարկումների առաջին փուլն անցկացվել է «Իլ» ընկերության և Ռուսաստանի ՊՆ-ի համատեղ ջանքերով։ Ընդհանուր առմամբ ինքնաթիռը կատարել է 38 թռիչք, որոնց ընթացքում փորձարկվել են պիլոտաժանավիգացիոն համալիրը, վառելիքի համակարգը, ավտոպիլոտը և ռադիոկապը։ Բացի այդ, ինքնաթիռը ստուգվել է առավելագույն արագության ու բեռնվածության պայմաններում, փորձարկվել է նաև շարժիչներից մեկի աշխատանքի կասեցվելու դեպքում ինքնաթիռի կառավարումը։
Իլ-476-ի արտադրող «Ավիասթար-ՍՊ» գործարանի տվյալներով՝ տվյալ փորձարկումներից հետո սարքավորումներով լրացվելու դեպքում ինքնաթիռը ստանալու է կապի, ինքնապաշտպանական համակարգեր, ներքին ու արտաքին տեսախցիկներ։ Դրան կհաջորդի փորձարկումների երկրորդ փուլը, այսինքն՝ ռադիոէլեկտրոնային նոր համակագի, կապի միջոցների, տեխնիկայի ու բեռների իջեցման հնարավորությունների փորձարկումը։
Հիշեցնենք, որ Իլ-476-ի փորձարկումները մեկնարկել են 2013-ի հուլիսին։ Այդ ժամանակ հաղորդվում էր, որ փորձարկումների առաջին փուլի հաջող ավարտի դեպքում ՌԴ ՊՆ-ն պայմանագիր կստորագրի «Ավիասթար-ՍՊ»-ի հետ, ինչն էլ թույլ կտա վերջինիս սկսել Իլ-476-ի սերիական արտադրություն։ Ներկա դրությամբ ՌԴ ՊՆ-ն արդեն գնել է 39 միավոր Իլ-476։