«Հըզբոլլահը» մեղադրում է Սաուդյան Արաբիայի հետախուզությանն Իրանում ահաբեկչության համար

Արմատական շիաների «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլան դեկտեմբերի 3-ին մեղադրանքներ է հղել Սաուդյան Արաբիայի հետախուզությանը՝ Բեյրութում Իրանի դեսպանատան առջև ահաբեկչություն կազմակերպելու համար։

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնած «Աբդուլլա Ազզամի բրիգադ» խմբավորման առաջնորդը Սաուդյան Արաբիայի քաղաքացի է, կապ ունի ուժային կառույցների հետ։ «Հըզբոլլահ»-ի առաջնորդի խոսքերով՝ այս հանգամանքը թույլ է տալիս պնդել, որ վերջինս առնչություն ունի Սաուդյան Արաբիայի հետախուզության հետ և հատուկ առաջադրանք է կատարել Իրանի տարածքում։

Նասրալլան հավաստիացնում է՝ դեսպանատան վրա հարձակումը Սաուդյան Արաբիայի վրեժն էր Իրանին՝ Բաշար Ասադին աջակցելու դիմաց։

Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ Իրանի դեսպանատան մոտ, նոյեմբերի 19-ին պայթյուն էր գրանցվել։ Զոհվել էր 23 հոգի։

Բեյրութում կրկնակի պայթյունի պատասխանատվությունը ստանձնել էր ոչ այնքան հայտնի «Աբդուլլա Ազզամի բրիգադ» զինյալների խմբավորումը։ Նրանք հայտարարել էին՝ Իրանի ու «Հըզբոլլահի» դեմ ահաբեկչությունները կշարունակվեն այնքան, մինչև Իրանը չհրաժարվի Բաշար Ասադին պաշտպանելու քաղաքականությունից։

2009-ին հիմնադրված «Աբդուլլա Ազզամի բրիգադը» համարվում է «ալ Կաիդայի» գաղափարակից կազմակերպություններից։ Այն ճյուղեր ունի տարբեր իսլամական երկրներում, իսկ կենտրոնը Լիբանանում է։ Նրանք անցյալում ստանձնել են մի քանի ահաբեկչությունների պատասխանատվությունը, այդ թվում՝ 2010-ին փորձել էին պայթեցնել ճապոնական նավթային տանկերը Պարսից ծոցում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *