Թուրքիայի զինված ուժերի սահմանապահ ստորաբաժանումները կրակ են արձակել Թուրքիայից ապօրինի կերպով Սիրիա անցնել փորձող սիրիացիների խմբի ուղղությամբ։ Թուրք սահմանապահների կրակի հետևանքով 7-ամյա աղջիկ է մահացել։
Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։
Մի քանի տասնյակ հոգուց բաղկացած խումբը դեկտեմբերի 3-ին փորձել է անցնել Սիրիայի տարածք թուրքական Քիլիս նահանգից, սակայն սահմանը հսկող թուրք զինծառայողները նախազգուշական կրակից հետո մարդկանց ուղղությամբ կրակ են արձակել։ Կրակահերթի ժամանակ ծանր վիրավորում է ստացել 7-ամյա սիրիացի Էլա Շըք Նաիֆը, ով ևս եղել է խմբի կազմում։ Վերջինիս տեղափոխել են մոտակա թուրքական հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Ըստ նույն աղբյուրի՝ արդեն երկու զինծառայող է ձերբակալվել։ Գործի առնչությամբ հետաքննություն է ընթանում։
Հավելենք, որ Թուրքիան Սիրիայի հակամարտության սկզբից աջակցում է Բաշար Ասադի դեմ պայքարող ուժերին։ Ներկայում Սիրիայից շուրջ 200.000 մարդ է ապաստան գտել Թուրքիայում։
Pingback: 2013-ին Թուրքիայի 6 կարևորագույն ռազմական իրադարձությունները (տեսանյութ) | Թուրքագիտական պորտալ