Իսրայելի օտարերկյա լրագրողների ասոցացիան (FPA) մեղադրել է Իսրայելի բանակին լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակվելու համար։ Լրագրողները նկարահանել են տեղի արմատական երիտասարդների և իսրայելցի զինծառայողների միջև ընդհարումը։ Այս մասին հայտնում է ասոցիացիայի կայքը։
Ըստ FPA-ի՝ միջադեպը նոյեմբերի 29-ին պաղեստինյան Կալանդիա գյուղում է։
Ինչպես կազմակերպության հայտարարության մեջ է նշվում, իսրայելցի զինվորականները լուսաձայնային նռնակներ են շպրտել լրագրողների վրա։ AFP-ի լրագրող Մարկո Լոնգարին պատմել է, որ լրագրողները 20 մետր հեռավորության վրա են կանգնած եղել պաղեստինցիներից, ովքեր իսրայելցիների վրա քարեր էին շպրտում։ Նրա խոսքով, իսրայելցի զինծառայողներն առանց զգուշացման պատասխան կրակ են բացել ռետինե գնդակներով։
Կազմակերպության տվյալով՝ միջադեպի ընթացքում իսրայելցի զինծառայողները կրակել են նաև իտալացի ազատ թղթակից-լուսանկարչի վրա, որն այդ պահին նկարելիս է եղել։ Արդյունքում ռետինե գնդակը կպել է նրա տեսախցիկին։ Մարկո Լոնգարին հաստատել է այն տեղեկությունը, որ զինվորականները կրակել են ոչ թե ոտքերին, ինչպես ընդունված է, այլ աչքերի բարձրությամբ։
FPA-ն հաղորդում է նաև, որ լրագրողների հագին լրատվամիջոցների ներկայացուցիչ լինելը հաստատող բաճկոն և սաղավարտ է եղել։ Բացի այդ, նրանք, ի նշան նրա, որ վտանգ չեն ներկայացնում, ձեռքերը վեր են բարձրացրել։ Կազմակերպությունը չի կասկածում, որ զինվորականները թիրախավորել են հենց լրագրողներին։
Նշենք, որ Իսրայելի բանակը կազմակերպության հարցին ի պատասխան նշել է, որ զինվորականները գործել են իրադրությանը համապատասխան, իսկ լրագրողներն ուղղակի վտանգավոր հատվածում են հայտնվել։
Տեղեկացնենք, որ FPA-ն Իսրայելի բանակից պահանջել է հետաքննել տասնյակից ավելի նմանատիպ դեպք։ Բայց այդ դեպքերից ընդամենը երկուսն են հետաքննվել, այն էլ չեն հասել դատարան։
Օտարերկյա լրագրողների ասոցիացիան հիմնադրվել է 1957 թվականին Թե Ավիվում։ Այն ներառում է 32 երկրի շուրջ 480 լրատվամիջոց։