Զոհերի և վիրավորների թվի նվազում ՊԲ-ում: Ռուսաստանը Հայաստանին ուղղաթիռներ է տրամադրելու: Սեյրան Օհանյանը` Էրեբունի օդանավակայանի օգտագործման մասին: Հերթական նամակը` Հակոբ Ինջիղուլյանից: Լրագրողների այց` սահման:
-ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ամփոփել է 2013թվականը: Ըստ հրամանատարի` ընթացիկ տարին Արցախի ԶՈւ համար բավականին արդյունավետ տարի է եղել ինչպես անձնակազմի մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության տեսանկյունից, այնպես էլ նրա նյութատեխնիկական բազայի ամրապնդման առումով: Նա անդրադարձել է բանակում մարտական և ոչ մարտական կորուստներին՝ նշելով, որ նախորդ տարիների համեմատ՝ 2012թ. արձանագրված կորուստները եղել են նվազագույնը, իսկ այս տարի 2012թ.-ի համեմատությամբ, ՊԲ-ում զոհերի և վիրավորների թիվը նվազել է 40%-ով:
-ՀՀ հարավարևելյան սահմանագոտի այցի ժամանակ նախարար Սեյրան Օհանյանն ասուլիս է տվել, որի ժամանակ Ռազմինֆոյի խնդրանքով անդրադարձել է ռուսաստանյան կողմի՝ ՀՀ-ին տրամադրվելիք ուղղաթիռների հարցին։ «ՌԴ ԶՈւ և ՀՀ ԶՈւ սպառազինման պլանների ու համաձայնագրերի համաձայն՝ մենք համալրում ենք զինտեխնիկայով։ Ես առայժմ չեմ ուզում ներկայացնել, թե ինչ տեսակի ուղղաթիռներ են լինելու, բայց ասեմ, որ համալրվում է ինչպես ռուսական ռազմաբազան, այնպես էլ ՀՀ ԶՈւ-ն»,-նշել է Սեյրան Օհանյանը։ Նշենք, որ պաշտպանության նախարարության՝ կառավարությանը տրամադրված տեղեկանքում նշվում էր, որ ՌԴ-ն Հայաստանին է փոխանցելու 18 միավոր ուղղաթիռ:
-Լրագրողների հետ սահմանագոտում հանդիպմանը նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ ՌԴ 102-րդ ռազմաբազային հատկացվելիք տարածքներին: Ըստ նրա` ռազմաբազային տրամադրված հողատարածքների ավելացում չի լինելու։ Նոր օդուժի ստորաբաժանում է ստեղծվելու և դրա համար Էրեբունու տարածքին կից Հայաստանն իր ԶՈւ հողատարածքներից տրամադրելու է 102-րդ ռազմաբազային։ Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող օդանավակայանը համատեղ է օգտագործվելու։
” Նոյեմբերի 27-ին ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները նորից հանդիպել են ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին և Հակոբի նամակը փոխանցել: Ռազմինֆոյի հետ զրույցում Հակոբի եղբայրը` Հարություն Ինջիղուլյանը նշել է, որ Բաքվի Կարմիր խաչի գրասենյակից հայտնել են, թե Հակոբն առողջական խնդիրներ չունի: Հավելենք, որ Ինջիղուլյանի հարազատներին օրերս ընդունել էր նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն: Նա նշել էր, որ հետևում է Հակոբի հարցին, թեև էական դերակատարություն չի կարող ունենալ, քանի որ իր հորդորները լսելի չեն Ադրբեջանի համար: Օգոստոսին Կաթողիկոսը դիմել էր «Կովկասի մուսուլմանների վարչության» նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ Հակոբ Ինջիղուլյանի հարցում աջակցելու համար։ «Կովկասի մուսուլմանների վարչության» մամուլի ծառայության ղեկավարի վկայությամբ՝ նոյեմբերի 1-ին Փաշազադեն տեսակցել էր Հակոբ Ինջիղուլյանին։
-Նոյեմբերի 27-ին պաշտպանության նախարարի գլխավորությամբ մի խումբ լրագրողներ հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես է կազմակերպվում ծառայությունը ՀՀ հարավարևմտյան սահմանագոտում (Նախիջևանի հատված) տեղակայված զորամասում և մարտական հենակետերում: Ցուցադրվեցին ռազմական տեխնիկա, հրազենային միջոցներ, զինծառայողներին հատկացվելիք սնունդն ու դեղորայքը: Այնուհետև ներկաները եղան հենակետերում, որից հետո Սեյրան Օհանյանը հենց առաջնագծում պատասխանեց լրագրողների հարցերին: Մանրամասներն` այստեղ:
-Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում ծառայությունն ավարտած զինծառայողներն արդեն մեկնում են Վոլգոգրադ և Բուդենովսկ քաղաքներ, որտեղից էլ կզորացրվեն։ Այս պահի դրությամբ Հայաստանից մեկնել է 1600 զինծառայող, իսկ նրանց փոխարեն եկել են մոտ 2000 շարքային և սերժանտ։ Ռազմինֆոյի հետ զրույցում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Աշոտ Կարապետյանը նշել էր, որ զինծառայողների առաջին խումբն արդեն եկել է, մյուսները կգան ամսվա ընթացքում։
Նրանց թվում են ինչպես շարքայիններ, այնպես էլ սերժանտներ, ովքեր ՌԴ ուսումնական զորամասերում ստացել են դիպուկահարի, նռնականետորդի, հետախույզի, մեխանիկ-վարորդի, նշանառու-օպերատորի պատրաստություն։
-Նոյեմբերի 29-ին «Ինստիգեյթ» ընկերությունը «Զորակն» գիտական երիտասարդական հիմնադրամի հետ հյուրընկալվել էր «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներին։ Ընկերությունը ներկայացնում էր «Նաիրի» կոնսորցիումի արտադրանքներից մեկը` «Նաիրի» լաբորատորիան: Ընկերության աշխատակիցներն ուսումնական անօդաչու սարքից թռիչքներ իրականացրին սաների համար, նրանց տվեցին սարքն ինքնուրույն ղեկավարելու հնարավորություն: Օրվա բոլոր մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Ռազմաշաբաթը նաև`
Ադրբեջանում
Թուրքիայում