Թուրքիան կարող է ականազերծել Հայաստանի և Իրանի հետ սահմանը, Եվրամիությունը կաջակցի այս ծրագրին։ Թուրքիայի մոտ 500 քաղաքացի է պատերազմում Սիրիայում զինված խմբավորումների կազմում։ Թուրքիայի՝ 52 ուսումնական ինքնաթիռ գնելու մրցույթին հայտ է ներկայացնելու 9 ընկերություն:
” Թուրքիան պատրաստվում է ականազերծել Հայաստանի և Իրանի հետ սահմանային հատվածները, իսկ աշխատանքների համար գումարի մեծ մասը տրամադրում է Եվրամիությունը։ Սահմանամերձ տարածքներում ականազերծման աշխատանքների ֆինանսավորման 75 տոկոսը ստանձնելու է Եվրամիությունը, իսկ 25 տոկոսը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Սպասվում է, որ ականազերծման գործընթացը կարժենա շուրջ 53 մլն եվրո։
” Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Ազգային հետախուզական կազմակերպության տվյալներով՝ Սիրիայի տարածքում նախագահ Բաշար Ասադի դեմ պատերազմող խմբավորումների կազմում Թուրքիայի 500 քաղաքացի կա։
Թուրքիայի քաղաքացիների մի մասը, ըստ զեկույցի, Սիրիայում պատերազմող ծայրահեղական իսլամիստներին է միացել Պակիստանում և Աֆղանստանում տեղակայված հատուկ ճամբարներում ուսուցում անցնելուց հետո։ Այսինքն՝ նրանց մի մասը դարձել է ծայրահեղական իսլամիստ հակամարտությունից ավելի վաղ և այդ կարգավիճակով էլ միացել է պատերազմին։
Հակամարտության ընթացքում ձևավորվել է Թուրքիայի՝ Սիրիայի պատերազմին մասնակցող քաղաքացիների մեկ այլ խումբ ևս։ Դրանք թուրք վարձկաններն են, որոնք պատերազմին մասնակցելու համար ամսական շուրջ 1500 ամերիկյան դոլար գումար են ստանում։
-Թուրքիայի հայտարարած 52 միավոր ուսումնական ինքնաթիռների գնման մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացնելու մտադրություն է հայտնել 9 ընկերություն, սակայն միայն երեքն է սեփական ինքնաթիռներ առաջարկելու թուրքական մրցույթին։
Ենթադրվում է, որ այդ երեք ընկերություններից գերմանական Grob Aircraft-ը կառաջարկի իր Grob G 115/120 ինքնաթիռները, ավստրիական Diamond Aircraft Industries-ը կառաջարկի Diamond DA20/DA40 ինքնաթիռները, իսկ պակիստանյան Pakistan Aeronautical Complex-ը` MFI-17 ինքնաթիռները։
-Բուլղարիայի կառավարությունը որոշում է ընդունել Թուրքիայի հետ սահմանին կառուցել շուրջ 3 մ բարձրության պատնեշ՝ փշալարերից։ Կառավարության վկայությամբ՝ փշալարերը նպատակ ունեն կասեցնել անօրինական ներգաղթը, սակայն ըստ իրավապաշտպան կազմակերպությունների՝ պատնեշը կխոչընդոտի հարևան Թուրքիայի տարածքից սիրիացի ներգաղթյալների հոսքը Բուլղարիա։
Դեռևս ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբին Թուրքիայում սկսել էին Սիրիայի հետ սահմանին պարիսպ կառուցել, իսկ պաշտոնական Անկարան պատի կառուցումը պատճառաբանում էր սահմանն խախտելու հաճախացած դեպքերի դեմ պայքարելու անհրաժեշտությամբ։
Ռազմաշաբաթը նաև՝