Բուլղարիան Թուրքիայի հետ սահմանին փշալարերով պատնեշ է կառուցում

Բուլղարիայի կառավարությունը որոշում է ընդունել Թուրքիայի հետ սահմանին կառուցել շուրջ 3 մ բարձրության պատնեշ՝ փշալարերից։ Կառավարության վկայությամբ՝ փշալարերը նպատակ ունեն կասեցնել անօրինական ներգաղթը։

Ինչպես հաղորդում է սերբական РТС հեռուստաընկերությունը, պատնեշի կառուցումն ավարտվելու է 2014-ի փետրվարին։ Ընդ որում, այն կառուցվելու է 274 կմ երկարություն ունեցող սահմանի ոչ թե ամբողջ երկայնքով, այլ միայն դրա՝ քարքարոտ ու անտառապատ, սահմանապահների ծառայությունը խոչընդոտող 30 կմ հատվածում։

Նկատենք, որ Բուլղարիայի այս քայլը քննադատության է արժանացել իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։ Վերջիններս հավաստիացնում են՝ պատնեշը նպատակ ունի զերծ պահել Բուլղարիան ներքին հակամարտություն ունեցող երկրների, մասնավորապես՝ Սիրիայի փախստականների հոսքից։ Պաշտոնական Սոֆիան հերքում է այս վարկածը։

Նշենք, որ Բուլղարիայի սահմանին անցյալում եղել է փշալարերով պատնեշ։ Դրա նպատակը սոցիալիստական վարչակազմ ունեցող Բուլղարիայի քաղաքացիների՝ դեպի Արևմուտք արտագաղթի մեծ չափերի կասեցումն էր։ Պատնեշը հանել են 2004-ին։

Հավելենք, որ ներկա դրությամբ Բուլղարիայում մեծ է Սիրիայից գաղթածների թիվը, որոնք այստեղ են եկել հարևան Թուրքիայից։ Փախստականների հոսքի պատճառով Բուլղարիայում գլուխ են բարձրացրել ազգայնական ու ծայրահեղական ուղղության կուսակցությունները։

Հիշեցնենք, որ դեռևս ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբին Թուրքիայում սկսել էին Սիրիայի հետ սահմանին պարիսպ կառուցել, իսկ պաշտոնական Անկարան պատի կառուցումը պատճառաբանում էր սահմանն խախտելու հաճախացած դեպքերի դեմ պայքարելու անհրաժեշտությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *