Աֆղանստանը նախապայմաններ է առաջադրում ԱՄՆ-ի զորքերի՝ 2014-ից հետո իր տարածքում մնալու համար

ԱՄՆ-ն սպառնացել է Աֆղանստանին 2014-ից հետո իր զորքերն ամբողջությամբ դուրս բերել երկրից, եթե նախագահ Համիդ Քարզայը մոտ ժամանակներս չստորագրի երկու երկրների միջև սպասված համաձայնագիրն առանց նախապայմանների։

 

ԱՄՆ զինծառայողներ՝ Աֆղանստանում

ԱՄՆ զինծառայողներ՝ Աֆղանստանում

Սպիտակ տան մամուլի ծառայությունից հաղորդում են՝ նոյեմբերի 25-ին ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Սյուզան Ռայսը հայտարարել է, որ պայմանագրի ստորագրման գործընթացի արհեստական ձգձգումը «չհստակեցված իրավիճակ է ստեղծում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համար Աֆղանստանում զորքեր տեղակայելու հարցում»։

Նշենք, որ Ռայսի հայտարարությունը հնչել է, երբ Քարզայը բանակցությունների ընթացքում նոր պայմաններ է առաջադրել։ Մասնավորապես, ԱՄՆ-ից պահանջել է «Աֆղանստանում խաղաղ բնակիչների տներում դադարեցնել ռազմական գործողություններ իրականացնել ու հայրենիք վերադարձնել Գուանտանամոյի կալանավայրում պահվող աֆղաններին»։ Բացի այդ, Աֆղանստանի նախագահի պնդմամբ՝ համաձայնագիրն անհրաժեշտ է կնքել միայն 2014-ի ապրիլին Աֆղանստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո։

Հիշեցնենք, որ Աֆղանստանի ու ԱՄՆ-ի պայմանագիր կնքելու մտադրության մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 20-ին։ Նոր համաձայնագրի հաստատման դեպքում ԱՄՆ զինծառայողները կազատվեն տեղական օրենքի առջև պատասխանատվություն կրելուց և նույնիսկ իրավունք կունենան արտակարգ իրավիճակներում մուտք գործել աֆղանցիների մասնավոր սեփականության տարածք։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խոսքերով՝ նոր համաձայնագիրը ենթադրում է Աֆղանստանում ԱՄՆ զինծառայողների գործունեության երկարաձգումը մինչև 2024-ը։ Բացի այդ, փաստաթղթի կետերից մեկում նշված է միլիարդավոր դոլարների հասնող միջազգային օգնություն տրամադրելու մասին։

Այնուհանդերձ, համաձայնագիրն ուժ չի ունենա, եթե չհաստատվի աֆղանական Լոյյա Ջիրղա ցեղային ավագանու կողմից։ Ցեղային ավագանու ժողովը, որն էլ որոշելու է համաձայնագրի հետագա ճակատագիրը,  տևել է 4 օր, մասնակցել են նաև նախագահն ու կառավարության անդամները։ «Ռոյթերս» գործակալության տվյալներով՝ ավագանու անդամները համաձայնել են ԱՄՆ-ի համաձայնագրին՝ առանց նախապայմանների ու կոչ են արել նախագահին հնարավորինս շուտ կնքել այն։ Այլ աղբյուրներ այս տեղեկությունը չեն հաստատում։

Ներկա դրությամբ Աֆղանստանում ծառայություն են անցնում շուրջ 60 հազար ԱՄՆ զինծառայողներ։ Նրանց գերակշիռ մասը պետք է լքի Աֆղանստանը մինչև 2014-ի ավարտը։ Նախնական տվյալներով՝ ակնկալվում է Աֆղանստանում թողնել 10 հազար զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *