Հալեպում զինյալների գրոհների հետևանքով 12 մարդ է զոհվել

Հալեպ քաղաքի՝ կառավարական զորքերի կողմից վերահսկվող թաղամասերի ուղղությամբ զինյալների ուժերն ականանետերից ինտենսիվ կրակ են արձակել։ Կան զոհեր ու տուժածներ։

Ինչպես հաղորդում է սիրիական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը, այս պահի դրությամբ նվազագույնը 12 մարդ է մահացել զինյալների գրոհների պատճառով։ Ըստ աղբյուրի՝ զինյալները հարձակում են գործել Հալեպի կենտրոնում տեղակայված Ջամիլիա թաղամասի ուղղությամբ։ Գրոհները սպասված արդյունքը չեն տվել։

Համաձայն Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության՝ բոլոր սպանվածները եղել են խաղաղ բնակիչներ, որոնց թվում՝ երեք երեխաներ։ Վնասվածքներ են ստացել 20 հոգի։

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ վերջին երկու ամիսների ընթացքում Սիրիայի երկրորդ խոշոր քաղաքի՝ Հալեպի համար դաժան մարտեր են ընթանում զինյալների ու կառավարական զորքերի միջև։ Հոկտեմբերի կեսերին «Ալ Նուսրայի ճակատ» իսլամիստական կազմակերպության զինյալները հարձակվել էին կալանատան վրա, որի մի հատվածը կառավարում են կառավարական ուժերը։

Նոյեմբերի 18-ին Հալեպում ավիառումբի պայթյունի հետևանքով մահացել էր Սիրիայի զինյալների խոշորագույն խմբավորումներից մեկը՝ «Թաուհիդ բրիգադ»-ի հրամանատարը։

Սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 120 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *