ԱՄՆ զինծառայողները 2014-ից հետո էլ կարող են մնալ Աֆղանստանում

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նոյեմբերի 20-ին հաստատել է ԱՄՆ-ի ու Աֆղանստանի երկկողմ համաձայնագրի առկայության փաստը, որը թույլ է տալու ԱՄՆ ԶՈւ զինծառայողներին Աֆղանստանում մնալ անգամ խաղաղապահների դուրսբերումից հետո։

ԱՄՆ զինծառայողներ՝ Աֆղանստանում

ԱՄՆ զինծառայողներ՝ Աֆղանստանում

Ինչպես հաղորդում է ամերիկյան The New York Times պարբերականը, համաձայնագիրը դեռևս պետք է հաստատվի աֆղանական Լոյյա Ջիրղա ցեղային ավագանու կողմից։

Քերիի խոսքերով՝ նոր համաձայնագիրը ենթադրում է Աֆղանստանում ԱՄՆ զինծառայողների գործունեության երկարաձգումը մինչև 2024-ը։ Բացի այդ, փաստաթղթի կետերում մեկում նշված է միլիարդավոր դոլարների հասնող միջազգային օգնություն տրամադրելու մասին։

Նշենք, որ աֆղանական կողմը հայտարարել էր համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների հաջող ավարտի մասին դեռևս նոյեմբերի 19-ին, սակայն ԱՄՆ-ն պնդում էր՝ չհստակեցված հարցեր կան։

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի մամուլի քարտուղարը հայտարարել է՝ նոր համաձայնագրի հաստատման դեպքում ԱՄՆ զինծառայողները կազատվեն տեղական օրենքի առջև պատասխանատվություն կրելուց և նույնիսկ իրավունք կունենան արտակարգ իրավիճակներում մուտք գործել աֆղանցիների մասնավոր սեփականության տարածք։

Այնուհանդերձ, մամուլի քարտուղարի խոսքերով՝ Աֆղանստանը սպասում է, որ ԱՄՆ-ն, մասնավորապես նախագահ Բարաք Օբաման, ներողություն կհայցի Աֆղանստանում 12-ամյա գործունեության ընթացքում թույլ տված սխալների համար՝ խոստանալով չկրկնել դրանք, սակայն Քերին հայտարարել է՝ ոչ մի ներողություն էլ չի հնչելու։

Հավելենք, որ մայրաքաղաք Քաբուլում արդեն մեկնարկել է ցեղային ավագանու ժողովը, որն էլ որոշելու է համաձայնագրի հետագա ճակատագիրը։ Ժողովը տևելու է 4 օր, մասնակցելու են նաև նախագահն ու կառավարության անդամները։

Ներկա դրությամբ Աֆղանստանում ծառայություն են անցնում շուրջ 60 հազար ԱՄՆ զինծառայողներ։ Նրանց գերակշիռ մասը պետք է լքի Աֆղանստանը մինչև 2014-ի ավարտը։ Նախնական տվյալներով՝ ակնկալվում է Աֆղանստանում թողնել 10 հազար զինծառայող։

One response to “ԱՄՆ զինծառայողները 2014-ից հետո էլ կարող են մնալ Աֆղանստանում

  1. Pingback: ԱՄՆ-ն շուրջ 10 հազար զինծառայող է թողնելու Աֆղանստանում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *