Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ամփոփել է 2013 թվականին տարված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ կատարել բանակում մահվան դեպքերին։
Ներկայացնում ենք գեներալ-լեյտենանք Հակոբյանի հարցազրույցը «Արմենպրեսս» լրատվական գործակալությանը.
Պարոն Հակոբյան, եթե ամփոփելու լինենք տարին, ի՞նչպես կբնութագրեք 2013 թվականը ԼՂՀ ՊԲ”ի և սահմանին կանգնած զինվորի համար:
-Անցնող 2013 թվականը Արցախի զինված ուժերի համար բավականին արդյունավետ տարի էր ինչպես անձնակազմի մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության տեսանկյունից, այնպես էլ նրա նյութատեխնիկական բազայի ամրապնդման առումով: Տարվա ընթացքում նախատեսվել ու անց են կացվել բանակի ղեկավարման համակարգի, շտաբների, բոլոր աստիճանի հրամանատարների ու նրանց ենթակա անձնակազմերի ու ստորաբաժանումների մարտավարամասնագիտական պատրաստության բարձրացմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներ և ուսումնավարժական գործընթացներ, կազմակերպվել են մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններ, զորատեսակները համալրվել են արդի պահանջներին համահունչ սպառազինությամբ և տեխնիկայի նոր խմբաքանակով, բավականին նպատակասլաց աշխատանքներ են իրականացվել պաշտպանական բնագծերի ամրապնդման, զորքերի թիկունքային ամրապնդման ուղղությամբ, լուրջ ուշադրություն է դարձվել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման վրա և այդպես շարունակ: Սակայն, այս ամենով հանդերձ, անցնող բանակային տարվա ամենամեծ ձեռքբերումը կայանում է նրանում, որ Արցախի զինված ուժերը պատվով են կատարում իրենց առջև դրված հիմնական առաքելությունը, այն է՝ հարազատ ժողովրդի խաղաղ կենսագործունեության ապահովումը:
” Հասարակության հսկայական զանգված ուշադրությամբ և սրտացավությամբ է հետևում բանակում կատարվող իրադարձություններին և հատկապես զոհված զինվորների դեպքերի մասին տեղեկատվությանը: Կարո՞ղ եք ներկայացնել վիճակագրություն, թե այս տարի սահմանին քանի զինվոր է մահացել, և նրանցից քանիսն են զոհվել խաղաղ պայմաններում:
-Յուրաքանչյուր զինվորի կորուստը պաշտպանության բանակի հրամանատարության համար մեծ ցավ է, քանի որ նա մեզ համար ոչ միայն սոսկ զինվոր է, այլև՝ որդի, եղբայր և վերջապես հայ մարդ, ով կենդանի լինելու դեպքում կարող էր դառնալ ընտանիքի հայր, ունենար հզոր ապագա և իր կարողություններով սեփական ավանդը բերեր մեր հայրենիքի շենացման գործին: Սակայն մեր տարածաշրջանում տիրող ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակը մի կողմից, և բանակային ծառայության առանձնահատկությունները՝ մյուս կողմից, կամա թե ակամա ենթադրում են նաև անսպասելի զարգացումներ, որոնց արդյունքում արձանագրվում են անցանկալի դեպքեր, այդ թվում, ցավոք, նաև՝ մահվան ելքով: Պետք է ասեմ, որ չնայած վերոնշյալ պատճառներին, ՊԲ հրամանատարությունը շարունակ քայլեր է ձեռնարկում հնարավորինս խուսափել նման արտակարգ դեպքերից և կորուստները հասցնել նվազագույնի:
Ասեմ, որ նախորդ տարիների համեմատ՝ 2012թ. արձանագրված կորուստները եղել են նվազագույնը, իսկ այս տարի 2012թ.-ի համեմատությամբ, ՊԲ-ում զոհերի և վիրավորների թիվը նվազել է 40%-ով: Բայց այս նվազումը մեզ համար ամենևին էլ չափանիշ չէ: Մեզ համար չափանիշ է այն իրավիճակը, երբ բանակում ընդհանրապես կբացառվեն մահվան ելքով դեպքերը: Սա չափազանց դժվար, բայց լուծելի խնդիր է…