Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են Ամենայն հայոց կաթողիկոսին

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին։ Վերջինս հաստատել է՝ Հակոբն առողջական խնդիրներ չունի, իսկ Ալլահշյուքուր Փաշազադեի պատասխան նամակը ՀՀ ԱԳՆ-ում է։

սահման, դիրքեր

Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը, Ռազմինֆոյի հետ զրույցում մանրամասնեց. «Կաթողիկոսը մեզ սիրով ընդունեց, ասաց, որ Ալլահշյուքյուր Փաշազադեի պատասխան նամակը շուտով ՀՀ ԱԳՆ-ից կհանձնեն իրենց, սակայն ինքը որևէ շոշափելի արդյունք չի սպասում Փաշազադեից։ Գարեգին Բ-ն մեզ հավաստիացրեց, որ իր հորդորները լսելի չեն Ադրբեջանի նման երկրում, և ինքը ցավոք մեծ ազդեցություն չունի այս հարցում»։

Եղբոր խոսքերով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շեշտել է, որ ինքը հետևում է գործընթացին, հարկ եղած դեպքում պատրաստ է նորից միջամտել, և հուսով է՝ միջազգային կազմակերպությունները կկարողանան լուծել այդ հարցը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել էր Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, «Կովկասի մուսուլմանների վարչության» նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցում աջակցելու համար։ «Կովկասի մուսուլմանների վարչության» մամուլի ծառայության ղեկավար Ռահիմ Դադաշևի վկայությամբ՝ նոյեմբերի 1-ին Փաշազադեն տեսակցել էր Հակոբ Ինջիղուլյանին։

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991-ին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

Նոյեմբերի 21-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան գրասենյակի ներկայացուցիչն ընդունել էր ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին՝ հաստատելով, որ Հակոբը երրորդ երկիր տեղափոխվելու դիմում է ներկայացրել, տեղափոխման իրականացումն էլ կտևի շուրջ մեկ տարի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *