Հարավային Կորեան վերջապես ընտրել է F-35A կործանիչները

Հարավային Կորեան վերջապես որոշել է, որ կործանիչների պարկի թարմացման նպատակով գնելու է ԱՄՆ-ից 40 միավոր F-35A կործանիչներ, մինչդեռ հայտարարված մրցույթի շրջանակներում սկզբնական շրջանում դուրս էին թողել F-35-ը՝ պատճառաբանելով բարձր գինը։

 

Ամերիկյան F-35A կործանիչ

Ամերիկյան F-35A կործանիչ

Համաձայն Հարավային Կորեայի ԶՈւ շտաբի պետերի միավորված կոմիտեի պաշտոնական հայտարարությանը՝ կործանիչների տրամադրումը մեկնարկելու է 2018-ից՝ տևելով 4 տարի։ Կորեացի զինվորականները պահանջներ են ներկայացրել ինքնաթիռների համար, որոնց թվում «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» տիպի հրթիռներ կրելու ունակությունն է։

Բացի այդ, Հարավային Կորեայի իշխանությունները որոշել են՝ կախված ռազմական բյուջեից ու արտաքին սպառնալիքների աստիճանից՝ հնարավոր է գնեն ևս 20 միավոր F-35A։ Այս առումով Սեուլը վերջնական որոշումը կկայացնի 2023-ից ոչ շուտ։

Հիշեցնենք, որ Հարավային Կորեան 60 միավոր նոր կործանիչների գնման մրցույթ էր հայտարարել դեռևս 2011-ին։ Հարավային Կորեայի պաշտպանական գնումների գործակալությունը (DAPA) մտադիր էր 60 կործանիչների գնման համար ծախսել 7.5 մլրդ ԱՄՆ դոլար։ 2013-ի հունիսին F-X III կործանիչների մրցույթին մասնակցում էին ամերիկյան Lockheed Martin ու Boeing ընկերությունները, ինչպես նաև Eurofighter կոնսորցիումը։

Այս ձեռնարկությունները համապատասխանաբար առաջարկում էին հարավկորեացի զինվորականներին F-35 Lightning II, F-15 Silent Eagle (F-15SE) և Typhoon կործանիչները։

Ոչ պաշտոնական աղբյուրները վկայում էին՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը ևս մասնակցության հայտ էր ներկայացրել՝ առաջարկելով Տ-50 ՊԱԿ ՖԱ կործանիչներ։

Արդեն իսկ օգոստոսին Boeing ավիաշինական գործարանը մնաց որպես մրցույթի միակ մասնակից, սակայն հետագայում այն նույնպես դուրս մնաց պայքարից՝ չհամապատասխանելով կորեական պահանջներին։ Ավելի վաղ՝ օգոստոսի 18-ին, մրցույթից դուրս էր մնացել իր Typhoon կործանիչն առաջարկող եվրոպական Eurofighter կոնցերնը: Հարավային Կորեայի պաշտպանական գնումների գործակալությունը պարզաբանել է, որ Eurofighter-ի ներկայացրած մրցութային փաստաթղթերում սխալներ էին հայտնաբերվել:

Lockheed Martin-ն իր հերթին դուրս էր մնացել մրցույթից, քանի որ առաջարկում էր Հարավային Կորեայի համար ոչ մատչելի, շուրջ 153 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ F-35 Lightning II կործանիչը:

Հարավկորեացիները ստիպված են եղել վերանայել մրցույթը, քանի որ երեք թեկնածուներից որևէ մեկն այդպես էլ չէր ընտրվել։

Սակայն, ինչպես տեսնում ենք, հարավկորեացիներն այնուհանդերձ ընտրել են Lockheed Martin-ի F-35A-ն։ Պաշտոնական աղբյուրներից պարզ չէ՝ արդյոք վաճառող կողմը գնի առումով որոշակի զիջումների է գնացել, թե Հարավային Կորեան է համաձայնել 153 ԱՄՆ դոլար արժեքին։ Սակայն նշվում է, որ գնվելու է 40 միավոր՝ նախկինում հայտարարված 60 միավոր կործանիչների փոխարեն։

Հավելենք, որ F-35A կործանիչների գնումն իրականացվում է պետական լայնամասշտաբ ծրագրի շրջանակներում։ Այն ենթադրում է ԶՈւ 150 միավոր հնացած F-4 Phantom II ու F-5 Freedom Fighter/Tiger II կործանիչների փոխարինումը նոր ինքնաթիռներով։

Նշենք, որ F-35 կործանիչն արտադրվում է Lockheed Martin ավիաշինական ընկերության կողմից 3 տարբերակով՝ ՌՕՈւ-ի, ծովային հետևակի կորպուսի և ՌԾՈւ-ի համար։ Ակնկալվում է, որ նոր կործանիչը կտրամադրվի ԱՄՆ զինված ուժերին 2016-ին։

Այնուհանդերձ, ընթացիկ տարվա փետրվարին արգելք էր սահմանվել փորձնական թռիչքների վրա, քանի որ կործանիչներից մեկի տուրբինում ճաքեր էին հայտնաբերվել։ Թռիքների արգելքը հանվել էր ապրիլին։

One response to “Հարավային Կորեան վերջապես ընտրել է F-35A կործանիչները

  1. Pingback: Յուղի արտահոսք՝ ամերիկյան F-35 կործանիչի շարժիչում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *